Արգելված փողոցային առևտուրը Երևանում շարունակվում է

Խաղալիքներ, քաղցր բամբակ, անգամ ներկված աղավնիներ ու շան ձագեր. մայրաքաղաքի ամենակենտրոնական հատվածներում երեկոյան ժամերին ինչ ասես չեն առաջարկում: Երևանի քաղաքապետը խառնիճաղանջ այս պատկերն ամիսներ առաջ «առևտրի կենտրոն» բառով էր բնութագրել։

Ու թեև քաղաքային իշխանությունը հայտարարեց, թե խստացնում է վերահսկողությունը, բայց արգելված փողոցային առևտուրը ոչ միայն չի դադարում, այլև ընդլայնվում է։ Քաղաքային իշխանությունները հայտնում են՝ ոստիկանների հետ համատեղ ստուգայցեր են անցկացնում, ապօրինի առևտրի դեպքերն էլ հայտնաբերվում ու կասեցվում են։ Անցած ամիս փողոցային առևտրի շուրջ 130 դեպք են արձանագրել։

Այս ստուգայցերը, սակայն, հիմնականում արդյունք չեն տալիս։ Հենց իրենք՝ առտրականներն են խոստովանում՝ թաղապետարանից հորդորում են հեռանալ, բայց իրենք րոպեներ անց վերադառնում են, ապրանքը կրկին շարում փողոցում։ Անվերջ թվացող մի շղթա է:

«Երեկ եկել են, էսօր էլ նորից եկել են, ասում են` միշտ հավաքեք», - ասում է վաճառողներից մեկը:

Եթե Երևանի ամենակենտրոնում հիմնականում խաղալիքներ ու քաղցրավենիք են առաջարկում, ապա Տիգրան Մեծի, Մաշտոցի պողոտաների մայթերը գրավել են միրգ-բանջարեղենի ու նույնիսկ հագուստի սեղանները։

Առևտրական կանայք հիմնականում խուսափում են տեսախցիկի առջև խոսելուց։ Ասում են՝ սա իրենց ապրուստի միակ միջոցն է, ընտանիք են պահում:

«Չեն թողնում` մենք աշխատենք, մեր ընտանիքը պահենք, աշխատատեղ չկա, ոչ մի միջոց չկա ապրելու, գոնե մենք գոյատևենք: Շուկան էլ կողք կողքի դրած չի ծախվում, գոնե մեր ապրանքը չկարողանա՞նք ծախել մենք», - ասաց առևտուր անող կանանցից մեկը:

«Մեկ-մեկ գալիս են, խնդրում ենք, աղաչում ենք` ի՞նչ կլինի, թողեք էլի, մի քիչ առևտուր անենք, ապրենք: Թոշակը քիչ է, չի հերիքում», - նշեց մեկ այլ առևտրական:

83-ամյա Մարիամ Պապյանի սեղանիկի վրա տարատեսակ ապրանքներ կան. գուլպա, կախազարդ, թզբեհ է վաճառում, տարեց կինը դեմ չէ տաղավարում աշխատելու տարբերակին, միայն թե գինը պետք է հարմար լինի:

Թոշակառու կինն այս գործի մեջ է շուրջ 3 տասնամյակ, կես կատակ, կես լուրջ ասում է՝ փողոցում իրեն բոլորը գիտեն, կապվել է այս ամենին:

Ինչպե՞ս արգելված առևտրի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնել։ Գործող կարգավորումներով օրենքին չհետևող քաղաքացիների համար տուգանք է նախատեսված՝ 70-ից 100 հազար դրամի չափով։ Ստուգայցերի ընթացքում տուգանքի արձանագրություններ կազմվում են, շատերը, սակայն, չեն վճարում, երկու ամսի առաջ «Ազատության» հետ զրույցում ասել էր քաղաքապետարանի առևտրի վարչության պետ Հովիկ Սաֆարյանը։

«Թղթի վրա պատժվում են, այո, բայց հետագայում այդ թուղթը մենք կարողանում ենք կյանքի կոչել, թե չէ` մենք հասկացանք, որ շատ դեպքերում պատիժը մնում է թղթի վրա», - նշել է Սաֆարյանը:

Քաղաքապետարանից հայտնում են՝ խնդիրները լուծելու համար օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնում, որոնք համայնքապետարանին հնարավորություն կտան առգրավել ապրանքը, սա պետք է երաշխավորի տուգանքի վճարումը և կանխարգելիչ ազդեցություն ունենա։ Սակայն դեռ հստակ չէ, թե օրինագիծը երբ Ազգային ժողով կմտնի։

«Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակի մոտ, էնտեղ դխկլը-ցխկըլ, ինչ-որ տարբեր բաներ գնում են», - ասել էր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Փողոցային առևտրի դեմ պայքարը խստացնելու անհրաժեշտության մասին խոսելուց բացի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կես տարի առաջ հանձնարարել էր կարգավորել նաև փողոցային երաժշտությունը։ Ամիսներ անց, սակայն, արդյունք չկա, երեկոյան ուշ ժամերին նույն Հյուսիսային պողոտայում շարունակում են իշխել ռաբիզի հնչյունները։