Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքել և «կեղծավորություն» է անվանել 2020 թվականի նոյեմբեր 9-ի եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին Հայաստանի արտաքին գերատեսչության կողմից ներկայացրած մեղադրանքը:
«Հղում անելով եռակողմ հայտարարության 6-րդ կետին՝ Ադրբեջանին դատապարտող Հայաստանի արտգործնախարարությանը տեղեկացնում ենք, որ Լաչինի միջանցքով նոր ճանապարհի կառուցումը ամիսներ շարունակ իրականացվում է պայմանավորված երթուղով, և հայկական կողմը բավականաչափ տեղեկացված է այդ մասին»,- ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում:
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը պնդում է, որ «եթե հայկական կողմը շարունակի տարբեր պատրվակներով ձգձգել իր պարտավորությունների կատարումն, ապա դա ավելորդ անգամ կվկայի եռակողմ հայտարարության իրականացման վերաբերյալ Հայաստանի ապակառուցողական և քայքայիչ դիրքորոշման մասին»:
Նախարարությունը պնդում է, որ Ադրբեջանն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները և նույնը Հայաստանից է պահանջում:
«Հայաստանն Ադրբեջանին է մեղադրում ագրեսիայի համար, բայց հենց Հայաստանն առայսօր Ադրբեջանից դուրս չի բերել իր ապօրինի զինված զորամիավորումները: Ադրբեջանը միանգամայն օրինական ճանապարհով է պաշտպանում իր անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասվում է հայտարարությունում:
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը նշում է, որ «տարածաշրջանում խաղաղություն և հետկոնֆլիկտային կայունացում ապահովելու համար անհրաժեշտ է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների կատարումը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը մի նպատակ ունի՝ վերացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը․ Փաշինյան