Բլինքենն ու Բորելը հանդիպել են ASEAN-ի գագաթնաժողովի շրջանակներում

ASEAN-ի գագաթնաժողովը, Պնոմպեն, Կամբոջա, 4 օգոստոսի, 2022թ.

Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում գումարված ASEAN-ի՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Ուրախ եմ հանդիպելու իմ բարեկամ և գործընկեր Ժոզեպ Բորելին և մեր բոլոր գործընկերներին Եվրամիությունից: Մենք առաջին հերթին գործընկերներ ենք, երբ խոսքը վերաբերում է մեր առջև ծառացած բազում մարտահրավերներին, որոնք ազդում են մեր քաղաքացիների կյանքի վրա»,- ասել է Բլինքենը:

Նա օրինակ է բերել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով այսօր աշխարհում առավել հրատապ դարձած պարենային անվտանգության խնդիրը, որի լուծման համար Միացյալ Նահանգները և Եվրամիոթյունը համատեղ ջանքեր են գործադրում:

Պնոմպենի հավաքին մասնակցում են ASEAN-ի10-ն անդամներից 9-ը, Մյանման ներկա չէ գագաթնաժողովին:

Եվս տասը երկրներ, որոնց թվում են Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ավստրալիան, Հնդկաստանը և Հարավային Կորեան, մասնակցում են կառույցի գործընկերոջ կարգավիճակով:

Ենթադրվում է, որ օրակարգի հիմնական թեման կլինի Հարավչինական ծովի շրջանում բոլոր կողմերի համար ընդունելի գործելակերպի հայեցակարգի քննարկումն, ինչպես նաև Մյանմայում ռազմական հեղաշրջումից հետո ստեղծված կացությունը:

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Պնոմպենում առանձին հանդիպում կանցկացնեն Ամերիկայի և Չինաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները:

Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունները վատթարացել են ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի հետևանքով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն չի հրաժարվի կղզու հանդեպ իր հանձնառությունից. Փելոսիի այցը Թայվան ավարտվեց