Թուրքիայում բողոքի ցույցեր են ընթանում սոցիալական մեդիայի վերահսկողության մասին առաջարկվող օրենքի դեմ: Ըստ լրագրողների՝ նոր օրինագիծը սպառնալիք է, որը կհանգեցնի անկախ լրագրության քրեական հետապնդմանը։
«Բիանեթը» Թուրքիայի ամենահին անկախ լրատվական կայքերից է, որի աշխատակիցներին մտահոգում է հատկապես Թուրքիայի իշխանությունների կողմից սահմանվող կեղծ լուրերի կամ ապատեղեկատվության հրապարակման համար նախատեսվող քրեական պատիժը:
«Եթե այս նոր օրենքն ընդունվի մեջլիսում, ես կարող եմ բանտ նստել միայն լուրեր հաղորդելու համար, և ինձ կարող են դատապարտել մեկից երեք տարի ազատազրկման։ Սա վախ կառաջացնի լրագրողների շրջանում, և կարող է ինքնագրաքննություն պատճառ դառնալ», - ասել է «Բիանեթի» լրագրող Հիքմեթ Ադալը։
Քանի որ Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցների մեծ մասը իշխանությունների վերահսկողության ներքո է, ինտերնետային խոշոր և անկախ լրատվամիջոցները վարկանիշների առումով չեն զիջում երկրի ավանդական գլխավոր մեդիաներին։
Ըստ տեխնոլոգիական հարցերով փորձագետ Ֆուսուն Նեբիլի՝ սոցիալական մեդիայի մասին առաջարկվող օրենքը թուրքական իշխանությունների արձագանքն է այս հաջողությանը:
«Օրենքը միտված է լռեցնելու ցանկացած ընդդիմադիր ձայն»
«Նրանք սա անում են` ամեն ինչ արգելափակելու համար։ Ամեն ինչ ասելով` նկատի ունեմ ընդդիմադիր բնույթի ամեն ինչ: Օրենքը միտված է լռեցնելու ցանկացած ընդդիմադիր ձայն։ Դրա համար են փորձում անցկացնել այս «ապատեղեկատվության օրենքը», - ասում է տեխնոլոգիաների հարցերով փորձագետ Ֆուսուն Նեբիլը։
Եթե այս օրինագիծը կյանքի կոչվի, ցանկացած մարդու կարող է սպառնալ մինչև երեք տարի ազատազրկում այն գրառումների կամ վերահրապարակումների համար, որոնք թուրքական իշխանությունները կհամարեն ապատեղեկատվություն:
Այն մեդիա հարթակները, օրինակ, YouTube-ը և Twitter-ը, որոնք Թուրքիայում գրասենյակներ ունեն, ըստ առաջարկվող օրենքի, պարտավոր կլինեն բացահայտել քրեական գործերով անցնող օգտատերերի ինքնությունը։
Առաջարկվող օրենսդրական նախագիծը մեջլիս է մտել հաջորդ տարի հունիսին Թուրքիայում նախատեսված նախագահական ընտրություններին ընդառաջ: Ըստ Թուրքիայի կառավարության՝ սոցիալական մեդիան վերահսկելու մասին օրինագիծը չի տարբերվում Եվրոպայում արդեն գործող օրենքներից, որոնց նպատակն է պաշտպանել հանրությանը, այլ ոչ թե գրաքննել այլախոհներին:
«Ինչ անում է Թուրքիան, ավելի շատ նման է նրան, ինչ Ռուսաստանն է անում»
«Խոսքի ազատություն» ասոցիացիայի իրավապաշտպան Յաման Աքդենիզի կարծիքով՝ եվրոպական օրենքների հետ համեմատությունները տեղին չեն:
«Կարծում եմ, որ չի կարելի համեմատել Թուրքիան Գերմանիայի կամ Ֆրանսիայի կամ եվրոպական երկրներից որևէ մեկի հետ։ Անկեղծ ասած, այն ինչ անում է Թուրքիան, ավելի շատ նման է նրան, ինչ Ռուսաստանն է անում: Ըստ Ներքին գործերի նախարարության վիճակագրության՝ ամեն տարի շուրջ 6 հազար մարդ է հետաքննվում՝ սոցցանցերում նրանց գործունեության համար», - ասաց իրավապաշտպանը:
Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Թուրքիան աշխարհում արդեն իսկ առաջին տեղերում է ամենաշատ բանտարկված լրագրողների թվով։ «Բիանեթում» մտահոգված են, որ բանտի սպառնալիքը բացասաբար կանդրադառնա նաև իրեն ընթերցողների վրա:
«Կառավարությունը փորձում է կանխել մարդկանց արձագանքը լուրերին»
«Այս օրենքով կառավարությունը փորձում է կանխել մարդկանց արձագանքը լուրերին։ Ընթերցողները չեն կարողանա կիսվել այս լուրով սոցցանցերում, անգամ՝ WhatsApp-ի իրենց խմբերում», - կարծում է թուրքական «Բիանեթ» լրատվական կայքի լրագրող Հիքմեթ Ադալը։
Թուրքական իշխանություններն այս նոր օրենքը ներկայացնում են որպես սոցցանցերում բռնությունների սահմանափակման միջազգային ջանքերին ուղղված քայլ: Ըննդիմախոսները, սակայն, կարծում են, որ սա ընդամենը ընտրություններից առաջ ընդդիմությանը լռեցնելու հուսահատ փորձ է, քանի որ հարցումները լավատեսական պատկեր չեն ցույց տալիս գործող իշխանության համար։