«Ռուսներին կդիմավորի լուրջ ուկրաինական զորամիավորում»
Տասնյակ հազարավոր ռուսաստանցի զինծառայողներ Ուկրաինայի հարավում պատրաստվում են հարձակվել Կրիվոյ Ռոգ և Նիկոլաև քաղաքների վրա և այս օրերին հրետանային ու հրթիռային հարվածներ են հասցնում դրանց: Ռմբահարվում է նաև Դնեպրոպետրովսկը:
Այդ մասին ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդական Օլեքսի Արեստովիչը: Նրա խոսքով, ռուսական հարվածային ուժերն այնտեղ ունեն մոտ 22 հազար զինվոր:
«Այդ տարածքում ռուսներին պատրաստվում է դիմավորել բավական լուրջ ուկրաինական զորամիավորում»,- ասել է Արեստովիչը:
Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայրենակիցներին հասցեագրված իր ավանդական գիշերային տեսաուղերձում ասել է, թե իրավիճակը ռազմաճակատում առանձնապես չի փոխվել:
«Կատաղի մարտեր են Դոնբասում, Խարկովի շրջանում, կռիվը մեր հարավային շրջանի համար շարունակվում է», - ասել է նախագահը:
Նիլոլաևի քաղաքապետ Օլեքսանդր Սիենկովիչն այսօր հայտնել է, որ առավոտյան պայթյուններ են որոտացել քաղաքում, կա առնվազն մեկ վիրավոր:
Դնեպրոպետրովսկի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն իր Տելեգրամ-ալիքում հաղորդել է, որ ռուսները հրետակոծել են Սինելնիկովսկի և Կրիվորոժսկի շրջանները, ավերվել են բնակելի տներ և այլ շինություններ, մարդկային կորուստների մասին տեղեկություն չկա:
Ավելի քան 5300 զոհ` խաղաղ բնակիչների շրջանում
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հաղորդագրության համաձայն, փետրվարի 24-ին Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի ընթացքում հուլիսի 31-ի դրությամբ զոհվել է 5 հազար 327, վիրավորվել է 7 հազար 257 խաղաղ բնակիչ:
Վերլուծաբանների փոխանցմամբ, իրական թիվը վստահ ավելի մեծ է, քանի որ ՄԱԿ-ը հաշվի է առնում միայն փաստաթղթերով վավերացված և պաշտոնապես հաստատված վիճակագրությունը:
Մարդուժի կորուստների վերաբերյալ երկու կողմերի հրապարակած տվյալներն ընթացող պատերազմի պայմաններում ստուգել հնարավոր չէ և, հետևաբար, դրանք արժանահավատ չի կարելի համարել: Երկու կողմերն էլ պնդում են, թե հակառակորդն անհամեմատ ավելի շատ կորուստներ ունի:
Համենայն դեպս, ըստ բրիտանական հետախուզության, ռուսները պատերազմի 5 ամսում արդեն կորցրել են առնվազն այնքան, որքան Խորհրդային կայսրության բանակն Աֆղանստանում տասը տարի տևած (1979-1989) պատերազմում՝ շուրջ 15 հազար մարդ:
Ենթադրվում է, որ ուկրաինական կողմի կորուստներն առնվազն գերազանցում են 10-ը հազարը:
Ուկրաինան, հավանաբար, օգոստոսին հակագրոհ կիրականացնի
Մինչդեռ, արյունալի կոնֆլիկտը շարունակվում է: Վերլուծաբանների համոզմամբ, Արևմուտքից նոր արդյունավետ զինատեսակներ ստանալով, Ուկրաինան կնախաձեռնի հակագրոհ, որի հնարավոր նպատակներից մեկը կլինի Խերսոնի ազատագրումը:
Բայց ռազմական փորձագետ Միխայիլ Ժիրոխովը չի բացառում, որ Խերսոնի մասին մամուլում շրջանառվող տեղեկությունը, գուցեև, ուկրաինացիների կողմից արտահոսք է ռուսների ուշադրությունը շեղելու և միանգամայն այլ հատվածում անսպասելի հարված հասցնելու համար:
Մեկ բան նրա կարծիքով հաստատ է՝ հուժկու հարվածը, հակագրոհ լինի, թե գրոհ, կիրականացվի օգոստոսին:
«Ազատության» ռուսական ծառայության Настоящее Время ծրագրին տված հարցազրույցում Ժիրոխովը նշում է, որ տարբեր՝ այդ թվում կլիմայական հանգամանքների բերումով, հենց օգոստոսն է լուրջ գործողության ամենահարմար ժամանակը:
Հացահատիկը կեսգիշերին կհասնի Ստամբուլ
Մինչդեռ, աշխարհը սպասում է Ուկրաինայի պաշարված նավահանգիստներից հացահատիկի և բուսական յուղի արտահանման խնդրի լուծմանը, քանի որ դա թույլ կտա կանխել զանգվածային սովի վտանգը Մերձավոր Արևելքում և աֆրիկյան երկրներում:
Պարենով բեռնված նավերը Սև ծովով ապահով դուրս հանելու գործարքը Ռուսաստանը և Ուկրաինան կնքել են ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ:
Թուրքերն անմիջական կարևոր դերակատարություն ունեն. Ստամբուլում է ստեղծվել Փոխադրումների կարգավորման համատեղ կենտրոնը, որը պետք է հսկի գործընթացն, ինչպես նաև ստուգումներ անցկացնի և կասեցնի այդ նավերով զենքի ու զինամթերքի փոխադրման փորձերը:
Կենտրոնում Թուրքիայի ներկայացուցիչ, փոխծովակալ Օզքան Ալթունբուդակը հայտնել է, որ հացահատիկով առաջին նավը Ստասմբուլի նավահանգիստ կհասնի այսօր կեսգիշերից հետո, սպասվածից փոքր-ինչ ուշ, քանի որ «Ռազգոնի» անվամբ նավն Օդեսայից դուրս է եկել եղանակային բարդ պայմաններում:
«Երբ նավը կհասնի Ստամբուլ, մենք զննություն կիրականացնենք, մեր թիմի կազմում կլինեն Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, դրանից հետո նավը կշարունակի իր ճանապարհը», - ասել է փոխծովակալ Ալթունբուլակը: