Չինաստանը ստանձնեց ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահությունը՝ կրկին զգուշացնելով Փելոսիի Թայվան այցի վտանգների մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Չժան Ջուն Փելոսիի հնարավոր այցը Թայվան ծայրահեղ վտանգավոր և սադրիչ է համարել, զգուշացնելով լուրջ հետևանքների մասին։

«Նման այցը ակնհայտորեն շատ վտանգավոր է և սադրիչ։ Եթե ԱՄՆ-ը պնդում է այցը, ապա Չինաստանը ուժեղ և վճռական միջոցներ կձեռնարկի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Ակնհայտորեն նման այցը խարխլում է «մեկ Չինաստան» սկզբունքը, խարխլում է Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ու նաև խարխլում է խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցում։ Եթե այդ այցը տեղի ունենա, ապա այն կխարխլի նաև Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները», - նախօրեին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հայտարարում էր Չինաստանի մշտական ներկայացուցիչը։

Դեսպան Չժան Ջունը ասուլիս է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը Չինաստանին անցնելու կապակցությամբ։

Ռոտացիոն կարգով՝ մեկ ամիս, օգոստոս ամիսը Անվտանգության խորհուրդը նախագահելու է Չինաստանը։ ՄԱԿ-ում Չինաստանի դեսպանն ասել է, որ այդ ընթացքում Պեկինը կնպաստի «երկխոսությանն ու համագործակցությանը՝ հանուն ընդհանուր անվտանգության»։