Ռուսաստանյան խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում խախտումներ չի արձանագրել, այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության՝ օգոստոսի 1-ին հրապարակված տեղեկատվական տեղեկագրում։
«Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,- ասվում է ռուսաստանյան ռազմական գերատեսչության պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում։
Ռուսական կողմի այս հայտարարությունը հրապարակվել է այն նույն ժամերին, երբ պաշտոնական Ստեփանակերտը հաղորդում էր Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից շփման գիծը հատելու փորձերի մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացրել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը ուղեկցել է «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի երկու շարասյուների՝ մեկը Մատաղիս -Գետավան-Վանք երթուղու, մյուսը՝ հակառակ ուղղությամբ»։ Ռուսական կողմի մատնանշած գյուղերից միայն Մատաղիսն է գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական ուժերը դիմել են սադրանքի, իրադրությունը մնում է լարված. ՊԲ