Կոսովոյում լարվածությունը սկսել է թուլանալ իշխանությունների հայտարարած ժամանակավոր զիջումներից հետո։ «Ազատության» բալկանյան ծառայության տեղի թղթակցի փոխանցմամբ` Սերբիայի հետ սահմանին գտնվող արգելափակված անցակետերը բացվում են, բարիկադները հեռացվում են։
Կոսովոյում իրադրությունը սրվել է ինքնահռչակ հանրապետության իշխանությունների աղմկահարույց որոշման պատճառով, որի համաձայն` օգոստոսի 1-ից երկրամասի տարածքում սերբական պետհամարանիշների գործողության ժամկետը պետք է դադարեցվի։ Սա Կոսովոյի իշխանությունների արդեն երկրորդ փորձն է, կոսովական պետհամարանիշներ պարտադրելու առաջին փորձն անցած տարի ևս բախվել էր կոշտ դիմադրության, ինչից հետո կառավարությունը որոշեց մի կողմ դնել որոշումը։
Ըստ բողոքի ալիք հարուցած մյուս որոշման` Կոսովոյում բնակվող տասնյակ հազարավոր սերբերի համար պետք է խստացվեն մուտքի կանոնները, բացի այդ, կոսովաբնակ սերբերը Սերբիայից երկրամաս մուտք գործելու դեպքում պետք է մասամբ ճանաչված հանրապետության իշխանությունների կողմից թողարկված անձը հաստատող փաստաթղթեր ներկայացնեն։ Վարչական այս փոփոխություններով Պրիշտինան փորձում է իր լիակատար վերահսկողության տակ բերել սերբական մեծամասնություն ունեցող տարածքները:
Նոր սահմանափակումները փաստացի վերաբերում են հիմնականում Կոսովսկա Միտրովիցայի բնակիչներին։ Կոսովոյի հյուսիսում գտնվող այդ քաղաքի բնակչության մեծ մասը էթնիկ սերբեր են, որոնք Կոսովոյի անկախության հռչակումից 14 տարի անց էլ հրաժարվում են ճանաչել Պրիշտինայի ենթակայության տակ գործող հաստատությունները` շարունակելով օգտագործել Սերբիայի իշխանությունների կողմից տրված պետհամարանիշներն ու փաստաթղթերը։
Ի նշան բողոքի` սերբական համայնքի ներկայացուցիչները երեկ փակել էին մի շարք առանցքային ճանապարհներ, հաղորդվել է կրակոցների, ժամեր տևած ձայնային ազդանշանի մասին։ Տուժածների մասին տվյալներ չկան։
Լարվածության ֆոնին` Կոսովոյում տեղակայված միջազգային անվտանգության ուժերի զորախումբը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է միջամտել։
Զուգահեռաբար Կոսովոյի արևմտյան գործընկերները փորձում էին իրավիճակը թուլացնել դիվանագիտական խողովակներով։ Պրիշտինայում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումից հետո Կոսովոյի իշխանությունները երեկ երեկոյան հայտարարեցին դժգոհություն հարուցած որոշումները մեկ ամսով հետաձգելու մասին։
Վարչապետ Ալբին Կուրտին միևնույն ժամանակ շեշտել է, որ Կոսովոյի կառավարության որոշումները պատասխանն են Սերբիայի նույնօրինակ քայլերին՝ հիշեցնելով, որ Բելգրադը նույն պահանջները Կոսովոյի քաղաքացիների նկատմամբ կիրառում է արդեն 11 տարի։
Սերբիայից կոշտ արձագանքը ևս չուշացավ։ Կոսովոյի անկախությունը չճանաչող Բելգրադը Պրիշտինային մեղադրել է էթնիկ սերբերին հետապնդելու համար։
«Եթե նրանք համարձակվեն հալածել սերբերին, վատ վարվել սերբերի հետ, սպանել սերբերին, ապա Սերբիան կհաղթի։ Սա այն ամենն է, ինչ ես կասեմ»,- երեկ երեկոյան հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը` իրավիճակը բնութագրելով չափազանց լարված։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոսովոյի և Սերբիայի միջև բանակցությունները վերսկսվել են շուրջ երկու տարի տևած դադարից հետոԿոսովոն Սերբիայից դե ֆակտո անջատվել է 1999-ին և միակողմանիորեն անկախություն հռչակել 2008-ին։ Կոսովոյի անկախությունը ճանաչել են աշխարհի 114 պետություններ: Սերբիան, սակայն, շարունակում է պնդել, որ իր նախկին նահանգը երկրի անբաժանելի մասն է: Այս հարցում Բելգրադին պաշտպանում են աշխարհի մի քանի տասնյակ պետություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից երկուսը` Ռուսաստանն ու Չինաստանը: Եվրամիությունը փորձում է համոզել բալկանյան երկու հարևաններին բարելավել հարաբերությունները, սակայն տարիներ շարունակվող բանակցությունները առայժմ էական արդյունք չեն տվել: