Իրադրությունը Կոսովոյում շարունակում է լարված մնալ։ «Անցած գիշերվա դրությամբ Սերբիայի հետ սահմանին գտնվող երեք անցակետերից երկուսը շարունակում էին արգելափակված մնալ», - հաղորդում է Reuters գործակալությունը։
Իրադրությունը երկրամասում սկսեց սրվել այն բանից հետո, երբ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները հայտարարեցին օգոստոսի 1-ից երկրամասի տարածքում սերբական պետհամարանիշների գործողության ժամկետը դադարեցնելու, ինչպես նաև այստեղ բնակվող ավելի քան 50 հազար սերբերի համար մուտքի կաննոները խստացնելու մասին։
Նախատեսվում էր, որ Սերբիայից երկրամաս մուտք գործելու դեպքում տեղացի սերբերը պետք է մասամբ ճանաչված հանրապետության իշխանությունների կողմից թողարկված անձը հաստատող փաստաթղթեր ներկայացնեին։
Սրան ի պատասխան, երեկ Կոսովոյի սերբական համայնքի ներկայացուցիչները բարիկադներ կառուցեցին մի շարք առանցքային ճանապարհների վրա։ Երեկոյան Կոսովոյի իշխանությունները, Պրիշտինայում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումից հետո, հայտարարեցին նորամուծությունների կիրառումը մեկ ամսով հետաձգելու մասին։