Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գրասենյակից «Ազատությանը» հայտնում են, որ «ողջունում են պետական և համայնքային կառույցներում ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը»։
Երեկ Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) հրապարակել է քաղաքապետարանում իր կատարած ուսումնասիրության արդյունքները, որոնք սկսվել էին իրականացվել 2019 թվականի դեկտեմբերին։
Ըստ ՊՎԾ-ի՝ Մարությանի օրոք հայտնաբերվել է շուրջ 8,5 միլիարդ դրամի խախտում, որոնք առնչվում են քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, բարեկարգման, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էլեկտրատրանսպորտ», «Երքաղլույս» և «Երևանտրանս» ընկերությունների գործունեությանը և այլն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազությունը կուսումնասիրի Մարությանի օրոք քաղաքապետարանում արձանագրված ենթադրյալ չարաշահումները2018-ի հեղափոխությունից հետո Երևանն ավելի քան 3 տարի ղեկավարած Մարությանի պաշտոնավարման օրոք արձանագրված ենթադրյալ չարաշահումները կուսումնասիրվեն դատախազությունում։
«Ազատության» հարցմանն ի պատասխան նախկին քաղաքապետ Մարությանի գրասենյակից արձագանքել է ՊՎԾ ուսումնասիրությանը՝ նշելով. «Ողջունում ենք պետական և համայնքային կառույցներում ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը։ Հայկ Մարությանի պաշտոնավարման շրջանում այդ գործընթացը Երևանի քաղաքապետարանում անընդհատ է եղել։ Քաղաքապետ Մարությանը չարաշահումների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներ է ուղարկել պատկան մարմիններին, որոնց արդյունքում տասնյակ քրեական գործեր են հարուցվել։ Միևնույն ժամանակ, ափսոսանքով նկատում ենք, որ որոշ քաղաքականապես անգաժավորված լրատվամիջոցներ փորձում են ՊՎԾ-ի գործողությունները ներկայացնել մանիպուլյատիվ և մոլորեցնող գլխագրերով ու ձևակերպումներով»։
«Ազատությունը» հետաքրքրվել է նաև Պետական վերահսկողական ծառայությունից, թե ի՞նչ տրամաբանությամբ է որոշվում՝ որ պետական մարմնում սկսել ուսումնասիրություն կատարել և որտեղ չկատարել։ Ծառայությունից պատասխանել են, որ «ՊՎԾ-ի կողմից ուսումնասիրություններն իրականացվում են ծառայության ղեկավարի տված հանձնարարագրերի հիման վրա՝ համաձայնեցնելով վարչապետի հետ»: Իսկ մասնավորապես Երևանի քաղաքապետարանում վերահսկողություն անելու առիթը եղել են «ստացված դիմումները, բողոքները, առաջարկությունների և հաղորդումների հիման վրա կատարված վերլուծությունները»։
Նաև հետաքրքրվել էինք, թե ինչո՞ւ ՊՎԾ-ն չի ուսումնասիրում Մարությանից առաջ՝ նաև նախկին քաղաքապետի օրոք եղած հնարվոր չարաշահումները։ «Պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարան վերահսկողության ժամանակահատվածը ընդգրկում է ոչ միայն 2018 թվականից սկսած, այլ 2011-2022 թվականներին Երևանի քաղաքապետարանի իրականացրած գործունեության նկատմամբ», - հայտնել են ՊՎԾ-ից։
Նաև մանրամասնել են, որ ՊՎԾ-ի ուշադրության կենտրոնում 2011-2018 թվականներին տրված շինթույլտվություններն են, իսկ 2018-2022 թվականների ուսումնասիրությունը վերաբերում է «պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացած տեղեկության արժանահավատության գնահատմանը»։