Երևանը հաղորդում է հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, Բաքուն հերքում է

Արխիվ

Այսօր` ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

«Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան», - ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Բաքուն հերքում է այս հայտարարությունը` այն որակելով ապատեղեկատվություն:

Այսօր նաև Արցախի պաշտպանության նախարարությունն էր հայտնել հրադադարի ռեժիմի խախտման մասին` Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Արցախի ՆԳՆ-ն էլ հաղորդել էր Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ ինտենսիվ կրակոցների մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել էր հաղորդումը ևս՝ այն համարելով «սուտ և իրականությանը չհամապատասխանող»։