Իրանը հայտարարում է իսրայելական լրտեսական ցանցի բացահայտման մասին

«Իրանի հատուկ ծառայությունները հայտարարել են երկրի տարածքում գործող իսրայելական լրտեսական ցանցի ղեկավարի և չորս շարքային անդամների ձերբակալության մասին», - հաղորդում է Reuters գործակալությունը։

Իրանական կողմն առայժմ չի բացահայտում ձերբակալվածների քաղաքացիությունը՝ նշելով միայն, որ նրանք համագործակցում էին Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության հետ։

«Լրտեսական ցանցի հինգ անդամներին «Մոսադը» տարատեսակ, այդ թվում՝ ֆինանսական խոստումներ է տվել՝ հանձնարարելով տեղեկատվություն հավաքել երկրի կարևոր շրջաններից», - պնդում են իրանցի իրավապահները։

Հատուկ ծառայությունները նաև ընդգծում են, որ ձերբակալվածները «Մոսադի» կողմից կազմակերպված հատուկ մարզումների են մասնակցել, մասնավորաբար, զենքի կիրառման և սաբոտաժի ասպարեզներում։