Թուրքիան դատապարտում է Մոսուլում իր հյուպատոսության գնդակոծումը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարարությունը չորեքշաբթի երեկոյան տարածված հայտարարութամբ խստորեն դատապարտել է իրաքյան Մոսուլ քաղաքում գտնվող իր գլխավոր հյուպատոսության գնդակոծումը։

Թուրքական կողմի պնդմամբ, դիվանագիտական ներկայացուցչությանը հարող տարածքը գնդակոծվել էր ականանետերից, զոհեր և վիրավորներ չկան։

«Մենք պահանջում ենք, որ Իրաքի իշխանությունները կատարեն իրենց պարտականությունները՝ ապահովելով երկրի տարածքում գործող դիվանագիտական և հյուպատոսական առաքելությունների անվտանգությունը», - նշված է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ։

Իրաքի և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ թուրքական բանակի կողմից Իրաքյան Քուրդիստանի Դոհուկ քաղաքի հրթիռակոծության հետևանքով ութ խաղաղ բնակիչ էր զոհվել, ավելի քան երկու տասնյակը վիրավորվել էին։

Պաշտոնական Անկարան պնդում է, որ Դոհուկի հրթիռակոծության հետ որևէ առնչություն չունի։