Մատչելիության հղումներ

Թուրքերն օդային գրոհներ են իրականացրել Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններում


Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Սիրիայում գործողություններ իրականացնող բրիգադի հրամանատարական կենտրոնում, արխիվ:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Սիրիայում գործողություններ իրականացնող բրիգադի հրամանատարական կենտրոնում, արխիվ:

Թուրքիայի մարտական օդանավերը Սիրիայի հյուսիսում և Իրաքում հրթիռակոծել են մի շարք թիրախներ, այդ թվում, ինչպես Անկարան է պնդում՝ «քուրդ զինյալներին պատկանող վարժական ճամբարներ, ապաստարաններ և զինամթերքի պահեստներ»:

«Գործողությունը լավ էր ծրագրված և իրականացված, ահաբեկիչների թիրախները Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններում հաջողությամբ ոչնչացվել են: Ինչպես միշտ, մենք միջոցներ ենք ձեռնարկել, որ գործողությունների ընթացքում անմեղ մարդիկ չտուժեն»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Թուրքիան Իրաքում և Սիրիայում պարբերաբար անցկացնում է ռազմական գործողություններ, որոնց նպատակն է ոչնչացնել Անկարայի կողմից ահաբեկչական կառույցներ համարվող Քրդական բանվորական կուսակցության և Սիրիայի Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության հենակետերը:

Իրաքի բարձրաստիճան զինվորականները դատապարտել են թուրքական բանակի գործողությունները և դրանք անվանել են «ներխուժում Իրաքի օդային տարածք և երկրի ինքնիշխանության խախտում»:

Սակայն, ըստ վերլուծաբանների, իրականում Բաղդադը լռելյայն համաձայնությամբ հանդուրժում է այդօրինակ գրոհները:

Ըստ իրաքցի անանուն պաշտոնյայի, թուրքական ինքնաթիռներն առնվազն 20 օդային հարվածներ են հասցրել:

Հաճախ օդային գրոհների է ենթարկվում նաև Իրաքում Սինջարի եզդիաբնակ լեռնային շրջանը, որտեղ գործում են տարբեր զինյալ խմբավորումներ:

Իրաքյան Քրդստանում հակաահաբեկչական ծառայությունը հաղորդել է, որ Իրաքում և Սիրիայում օդային գրոհների հետևանքով զոհվել է մի քանի մարդ, սակայն ստույգ տեղեկություններ չի փոխանցել:

XS
SM
MD
LG