Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը վաղը հեռախոսով բանակցելու է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, նախագահները քննարկելու են առևտրի թեման, Թայվանի շուրջ լարվածությունը և Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը:
Ենթադրվում է, որ երկու գերտերությունների ղեկավարները կփորձեն մեղմել վերջին ժամանակաշրջանում սրված հարաբերությունները:
Պեկինը քննադատել է Թայվան այցելելու՝ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի մտադրությունը և ընդգծել, որ շատ կոշտ կարձագանքի այդ նախաձեռնությանը:
Վերջին անգամ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան բարձրաստիճան ղեկավարները 1997 թվականին են մեկնել Թայվան, որը Պեկինը համարում է Չինաստանի տարածքի անբաժան մաս:
Վաշինգտոնը ճանաչում է Չինաստանի տարածքային ամբողջականությունը և Թայվանի հետ դիվանագիտական կապեր չունի, սակայն ռազմական օգնություն է տրամադրում դեմոկրատական իշխանակարգ և ազատ շուկա հաստատած այդ կղզուն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չինաստանը դատապարտում է ԱՄՆ-ի պաշտոնյայի այցը Թայվան