Ստամբուլում ստորագրվել է ուկրաինական հացահատիկի դուրսբերման վերաբերյալ համաձայնագիրը

Շուրջ երկու ամիս տևած բանակցություններից հետո այսօր Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները համաձայնագիր ստորագրեցին Սևծովյան նավահանգիստներում արգելափակված ուկրաինական հացահատիկի անվտանգ դուրսբերման վերաբերյալ:

Փաստաթղթերը ստորագրվեց Դոլմաբահչեի պալատում նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ: Մոսկվան Կիևի հետ ուղիղ համաձայնագիր չի ստորագրել, երկու առանձին փաստաթուղթ է ստորագրվել նաև Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի, ապա Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև:

Ռուսական պատվիրակության անունից փաստաթուղթը ստորագրել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ուկրաինայի կողմից՝ ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը։

Այս համաձայնագրով ուկրաինական հացահատիկը արտահանվելու է Սև ծովով երեք՝ Օդեսայի, Չերնոմորսկի և Յուժնիյ նավահանգիստներից։ Ուկրաինական ջրերը չեն ականազերծվելու, քանի որ դա երկար կտևի, նավերը անցնելու են նախապես համաձայնեցված անվտանգ միջանցքներով, նրանց ուղեկցելու են ուկրաինացի լոցմանները: Նավահանգիստներում հացահատիկի բեռնմանը կհետևեն ՄԱԿ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները։ Գործընթացին հետևելու համար Ստամբուլում հիմնվելու է կոորդինացիոն կենտրոն՝ բոլոր չորս կողմերի մասնակցությամբ:

Այս համաձայնությունը 120 օր կտևի, հետո հնարավոր է երկարաձգվի։

Ստորագրման արարողությունից առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ այս համաձայնագիրը հույս է պարենային ճգնաժամը կանխելու համար:

«Այսօր Սև ծովում փարոս կա, հույսի, հնարավորությունների փարոս և թեթևություն աշխարհին, որի կարիքը շատ ունի առավել քան երբեք», - նշել է Անտոնիո Գուտերեշը:

Ռուս-ուկրաինական պատերազմը միջազգային օրակարգ բերեց պարենային ճգնաժամի հարցը, քանի որ միլիոնավոր տոննա հացահատիկ արգելափակված է ուկրաինական նավահանգիստներում և չի կարող հասնել համաշխարհային շուկա:

ՄԱԿ-ը որոշ երկրներում, հատկապես՝ Աֆրիկայում, որտեղ մեծապես կախված են ուկրաինական հացահատիկի ներկրումից, սովի վտանգ է կանխատեսում։ Մոսկվան ու Կիևը երկխոսության չեն գնում ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ, բայց անցած շաբաթ համաձայնել էին հացահատիկի հարցով բանակցային սեղանի շուրջ նստել։

Թայիփ Էրդողանն այսօր հպարտությամբ է խոսել այս գործընթացում Թուրքիայի ստանձնած միջնորդական դերի մասին. - «Առաջիկա օրերին նավերի երթևեկության վերսկսման հետ մեկտեղ Սև ծովից դեպի աշխարհի շատ երկրներ նոր շունչ կբացենք: Համաձայնություն է կայացվել նավերի կայանատեղերից դուրսբերման, անցման և նավահանգիստներ հասնելու ողջ ընթացքի վերաբերյալ: Այս կարևորագույն ծրագրի իրագործումն ու վերահսկումը իրականացվելու է Ստամբուլում ստեղծվելիք համակարգման կենտրոնի կողմից»:

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Մոսկվայի և Կիևի այս քայլը շրջադարձային կլինի և կվերակենդանացնի խաղաղության հասնելու հույսը: Ռուսաստանն ու Ուկրաինան հացահատիկ արտահանող հիմնական երկրներից են՝ ապահովելով աշխարհում ցորենի մեկ երրորդը։