Միացյալ Նահանգները հայտարարել է, որ չի արգելի գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումը Ռուսաստան՝ Մոսկվայի այն պնդումների ֆոնին, որ պարենային ճգնաժամի պատճառն Արևմուտքի պատժամիջոցներն են, այլ ոչ թե ռուսական ներխուժումն Ուկրաինա:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն իր կայքում պարզաբանում է հրապարակել, որ նման ապրանքները չեն ենթարկվում ամերիկյան պատժամիջոցների։
«Բացառությունների ընդլայնումը վերահաստատում է, որ ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ նրա չհրահրված և չարդարացված պատերազմի, չեն խոչընդոտում գյուղատնտեսական և բժշկական ապրանքների առևտուրը», - ասվում է ֆինանսների նախարարության հայտարարությունում:
Գերատեսչությունը հայտարարում է, որ չի դադարեցնի գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության, վաճառքի կամ փոխադրման հետ կապված գործարքները, ինչպես նաև չի արգելի պարարտանյութերի, բժշկական սարքավորումների և Covid-19-ի թեստերի մատակարարումը Ռուսաստան:
Միացյալ Նահանգների այս քայլը հաջորդեց Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ բանակցություններին՝ ուղղված ուկրաինական հացահատիկի մատակարարման ճգնաժամի լուծմանը: