«Եկեք համերաշխ ապրենք, եկեք կանգնեցնենք պատերազմը ու հանգիստ առևտրով զբաղվենք», - ՆԱՏՕ-ի անդամ պետություններին կոչ է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Ֆրանս պրես» գործակալությանը տված հարցազրույցում:
«Ինչո՞ւ եք դուք բարդացնում կյանքը, եկեք, համերաշխ ապրենք: Եկեք մենք դրան պատրաստ ենք, հատկապես Ռուսաստանը։ Ռուսաստանին ոչինչ պետք չէ, Ռուսաստանն ամեն ինչ ունի։ Մոսկվային պետք է իր գազը վաճառել, դուք էլ գնեք, իսկ դուք պատժամիջոցներ եք սահմանում», - ասել է նա։
Արևմուտքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանեց փետրվարին Ուկրաինա ներխուժման պատճառով։ Սակայն Լուկաշենկոն, ինչպես և ռազմական ագրեսիան սկսած Ռուսաստանի նախագահը, պատերազմի համար մեղավոր է համարել Արևմուտքին։
Հարցազրուցում Լուկաշենկոն մի քանի անգամ կոչ է արել ուկրաինական կողմին նստել բանակցային սեղանի շուրջ և պայմանավորվել ռուսների հետ, վերջ տալ պատերազմին՝ պնդելով, թե Արևմուտքն է դրան խանգարում, այդ թվում` նոր զենք և սպառազինություն տրամադրելով Կիևին։
Բելառուսի ղեկավարը հարցազրույցում, ըստ էության, միջուկային պատերազմով է սպառնացել Արևմուտքին, եթե պատերազմը չդադադրի. «Եկեք կանգնենք, թե չէ հետո կլինի անդունդ և միջուկային պատերազմ»:
Բելառուսն այն եզակի երկրներից է, որն անվերապահ աջակցություն է հայտնել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, իսկ Լուկաշենկոն պարբերաբար կրկնում է՝ եթե ռուսները չսկսեին այսպես կոչված` «հատուկ գործողությունը, ՆԱՏՕ-ն Ուկրաինայի միջոցով կհարձակվեր Ռուսաստանի և Բելառուսի վրա։
Նրա հայտնի «Իսկ ես հիմա ձեզ ցույց կտամ, թե որտեղից էին պատրաստվում հարձակվել Բելառուսի վրա» խոսքերը նույնիսկ մեմ էին դարձել համացանցում։
Ֆրանսիացի լրագրողին տված ծավալուն հարցազրույցում Լուկաշենկոն կրկնել է այս միտքը՝ միաժամանակ ընդգծելով, թե Բելառուսը Ուկրաինայում չի կռվում ո՛չ տեխնիկայով, ո՛չ կենդանի ուժով, նրա դերը միայն թիկունքը պաշտպանելն է։ Բայց Լուկաշենկոն չի հերքել, որ Բելառուսի տարածքից հարվածներ են հասցվել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին, սակայն, ըստ նրա, դա արվել է կանխարգելիչ նպատակներով։
«Ես աջակցում եմ Ռուսաստանին այն բանում, ինչ նրանք կանխեցին: Եթե ռուս զինվորականները բաց թողնեին այս պահը, ապա նրանք ստիպված կլինեին ծանր հարված հասցնել ՆԱՏՕ-ի զորքերին, այլ ոչ թե Ուկրաինային», - ասել է նա:
Հղում անելով Ռուսաստանի նախագահի հայտարարությանը, թե Մոսկվան իրականում դեռ նոր է ամեն ինչ սկսել, Պուտինի հետ պարբերաբար հեռախոսազրույցներ ու հանդիպումներ ունեցող Լուկաշենկոն ասել է, թե Ռուսաստանը Ուկրաինայում դեռ չի կիրառել իր ամենահզոր զենքը՝ շեշտելով, սակայն, թե միջուկային զենքը նկատի չունի. «Ես տեսել եմ այդ զենքը, գիտեմ, ես խորասուզված եմ դրա մեջ, հետևաբար, դեռևս չկա պատերազմ, որը կարող է լինել Ռուսաստանի կողմից»:
Պրոռուսական այս հայտարարությունների հետ մեկտեղ Մինսկը մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել ո՛չ Լուգանկի, ո՛չ էլ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները։ «Ֆրանս պրեսին» տված հարցազրույցում Լուկաշենկոն ասել է, թե դե ֆակտո ճանաչել է, պետք լինի՝ պաշտոնապես էլ կճանաչի, բայց այսօր դրա կարիքը չկա։
Առանց մանրամասնելու Բելառուսի նախագահը հիշատակել է նաև նախօրեին Թեհրանում կայացած Պուտին-Էրդողան-Ռաիսի եռակողմ հանդիպումը, ակնարկելով, թե նրանք հենց այնպես չէին հավաքվել, և պնդելով, թե Արևմուտքն իր քաղաքականությամբ մնացած աշխարհին իր դեմ է տրամադրում։
Հարցազրույցը հրապարակվել է երեկ, իսկ այսօր Լուկաշենկոն հերթական հեռախոսազրույցն է ունեցել Պուտինի հետ։ Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են միջազգային օրակարգի մի շարք հարցեր՝ հաշվի առնելով Պուտինի վերջին շփումները այլ պետությունների ղեկավարների հետ, այդ թվում` Թեհրանում, հաղորդել է Կրեմլը: Նշվում է, որ նրանք նաև խոսել են ռուս-բելառուսական գործընկերային և դաշնակցային հարաբերությունների մասին: