Գլխավոր շտաբի նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանը հրաժարվել է վարչապետի ու իշխանության հրաժարականի իր հայտարարությունից, «Ազատության» եթերում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ չմանրամասնելով՝ ե՞րբ, որտե՞ղ, և ո՞վ է նրանից դա պահանջել։
Անցած տարվա փետրվարին Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականը պահանջող 4 տասնյակ զինվորականների շարքում գեներալ մայոր Էդվարդ Ասրյանը ստորագրել էր նաև հետևյալ ձևակերպումների տակ՝ վարչապետն ու կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ, իշխանության անարդյունավետ կառավարումն է երկիրը հասցրել կործանման եզրին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան ընդհանրապես․ Նիկոլ ՓաշինյանՎարչապետը սա «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և Գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության առաջարկությամբ դիմեց նախագահին։ Երեկ այդ նույն հայտարարությունը ստորագրած զինվորականը նշանակվեց Գլխավոր շտաբի պետ։
«Ես նաև գիտեմ, որ մի շարք զինվորականներ, որոնք, այդ ժամանակ պայմանավորված ամենատարբեր հանգամանքներով, միգուցե և ճնշումներով, ստորագրել են տվել փաստաթղթի տակ կամ հանդես են եկել որոշակի քաղաքական հայտարարություններով, հետ են կանգնել և, ըստ էության, արձանագրել են, որ տվյալ պահվածքը մանավանդ զինվորականների կողմից սխալ է», - ասաց Արթուր Հովհաննիսյանը:
«Այստեղ ո՛չ վարչապետը, ո՛չ էլ գեներալ Ասրյանը հեղինակություն ձեռք չեն բերում». իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն իր ասածից հրաժարվելը զինվորականին ոչ հարիր է համարում, նրան այդ պաշտոնում առաջարկող վարչապետի մասին էլ, կարծում է, դա դրական չի խոսում։
«Կարծում եմ, որ վարչապետը առանց այդ հրաժարվելու, այսինքն` նրա առաջ պայման է դրվել հրաժարվել, առանց այդ հրաժարականի էլ կարող էր ընտրել, և ինքն ավելի ժողովրդավարի, կարծում եմ, հեղինակություն ձեռք կբերեր, բայց այստեղ ոչ մեկը նրանցից հեղինակություն ձեռք չի բերում` ո՛չ վարչապետը, ո՛չ էլ գեներալ Ասրյանը, որը կարող է իր խոսքերից, իր ստորագրությունից առավել ևս հրաժարվել», - շեշտեց նա:
Իրավապաշտպանն ասում է՝ հանրությունը պետք է իմանա՝ որ արժանիքների համար են ընտրել գեներալ Ասրյանին։ Գլխավոր շտաբի նորանշանակ պետի մասին շատ բան հայտնի չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շուրջ կես տարի հետո ԶՈւ գլխավոր շտաբը պետ ունիՊաշտոնական տեղեկություններ գտնել հնարավոր չէ՝ Պաշտպանության նախարարության կայքում նրա անուն-ազգանունն է, կոչումը՝ գեներալ-մայոր ու երեկվա նշանակման մասին տեղեկությունը՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվել է 2022-ի հուլիսի 14-ին։ Չկա կենսագրությունը։ Հայտնի է, որ նախքան այս նշանակումը Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ- շտաբի պետն էր։
«Պարոն Ասրյանը երկար տարիներ բանակում փորձ ունի, և նրա փորձառությունը, ես կարծում եմ, պարոն Պապիկյանը կփորձի օգտագործել ի նպաստ բանակի զարգացման: Ընթացքը ցույց կտա, թե որքանով է արդյունավետ կամ ոչ այս նշանակումը», - հավելեց իշխանական պատգամավորը:
Գլխավոր շտաբի պետի պաշտոնը հետպատերազմական Հայաստանում թափուր էր 140 օր՝ շուրջ 5 ամիս։
Հակասական տեղեկություններ խորհրդարանում փակ քննարկման վերաբերյալ` Ասրյանի մասնակցությամբ
Ասրյանն այդ պաշտոնում նշանակվեց օրենքի փոփոխությունից հետո միայն, որով գլխավոր զինվորական պաշտոնյան այժմ պաշտպանության առաջին փոխնախարարն է լինելու։ Բայց նախարարի բացակայության ժամանակ նրան փոխարինողը չէ։
Այս փոփոխությունը քննադատող ընդդիմությունը կարծում է՝ իշխանությունը քաղաքականացրեց զինվորական ամենաբարձր պաշտոնը։
Դեմ արտահայտվող պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ղեկավարող Սեյրան Օհանյանը Էդվարդ Ասրյանին համարում է բանիմաց, գրագետ, փորձառու սպա։ Ասաց՝ զինվորից, վտանգավոր ուղղություններում զորամասի հրամանատարից դարձել է Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ, գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Ի՞նչ գնահատական կտա այն փաստին, որ նախ պահանջում էր վարչապետի հրաժարականը, հետո էլ նույն այդ իշխանությունից պաշտոն ստացավ:
«Իշխանություններից հարցրեք, զինվորականները զինվորական պաշտոններ, զինվորական կոչումներ են կրում և ծառայում են հայրենիքին, ոչ թե անձերին», - ասաց նա:
Օհանյանը վստահ է՝ անցած տարվա սեպտեմբերին Ասրյանն ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի պաշտոնից հեռացվել է խորհրդարանում փակ քննարկման ժամանակ իր հասցեին հնչեցրած դրվատանքի խոսքերի պատճառով։ Այդ քննարկումն օգոստոսին է եղել, պաշտոնանկության հրամանագիրը` սեպտեմբերին:
«Հանդգնություն կամ միամտություն ունեցավ այդ հանդիպման ժամանակ մի քանի գովեստի խոսքեր ասել իմ հասցեին, և դա հիմք հանդիսացավ, որպեսզի ցուցումով այդ խառնակիչների իրեն ազատեցին այդ պաշտոնից, գրեթե 4 ամիս առանց պաշտոնի մնաց: Իշխանությունը, իրենք են արել, և հիմա իրենք երևի հասկացել են, որ գեներալ Ասրյանն ունակ է այդ պաշտոնում ղեկավարելու, և կարծում եմ, որ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս նրանց ոչ ադեկվատ լինելը, կողմնապահությունը», - ասաց Օհանյանը:
Իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը պնդում է՝ չի հիշում, թե այդ քննարկման ժամանակ Ասրյանը Օհանյանի հասցեին դրվատանքի խոսքեր հնչեցներ։ Ասաց՝ նրա մասին դրվատանքը կամ հակառակը՝ պարսավանքը չեն որոշել Ասրյանի ճակատագիրը. «Իր անձն ինչ-որ կարևորելու փորձեր չանի, Սեյրան Օհանյանն այս գործընթացներում որևէ կապ չունի, ո՞վ է իրեն դրվատանքի խոսք ասել, ո՞վ չի ասել»:
Փաշինյանի իշխանության օրոք գլխավոր շտաբի պետը արդեն հինգերորդ անգամ է փոխվում։