Վարչապետի առաջարկությամբ նախագահն այսօր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակել գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին: Նա անցած տարվա մայիսին նշանակվել էր ԳՇ պետի տեղակալ, ապա սեպտեմբերին ազատվել այդ պաշտոնից։ Բանակի ղեկավարի պաշտոնը հետպատերազմական Հայաստանում թափուր էր շուրջ կես տարի։
Գլխավոր շտաբի պետը նշանակվեց պաշտպանության մասին օրենքի փոփոխությունից մեկ շաբաթ անց։ Այդ փոփոխությամբ այժմ գլխավոր շտաբի պետը, որը Սահմանադրությամբ ամենաբարձր զինվորական պաշտոնյան է, նաև պաշտպանության առաջին փոխնախարարն է, սակայն նախարարի բացակայության ժամանակ նրան փոխարինողը չէ։
Գլխավոր շտաբի պետի պաշտոնը թափուր էր փետրվարից, երբ պաշտոնանկ էր արվել Արտակ Դավթյանը բանակում անպիտան հրթիռներ մատակարարելու քրեական գործով մեղադրյալ ներգրավվելուց հետո։ Իշխանությունները ամիսներ շարունակ չէին շտապում նոր պետ նշանակել, նախարար Սուրեն Պապիկյանն ասել էր, թե նշանակում կլինի միայն օրենքի փոփոխությունից հետո, ինչը և եղավ։
Ասրյանը հանրությանը հայտնի դարձավ անցած տարի, երբ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ներխուժումից հետո մամուլի ասուլիս տվեց ու խոսեց հայկական կողմի գործողություններից ու հայ զինծառայողների գերեվարման հանգամանքներից։
«Խումբն ուներ և իր աջակցման խումբը, և իր կառավարման խումբը, և իր խնդրի կատարման խումբը: Նշված պայմաններում եթե խումբը, ես չեմ ուզում ներկայացնել քանակությունը, բոլոր նշվածները չեն գերեվարվել, այսինքն` 6 ծառայող եթե գերեվարվել է, դա չի նշանակում, որ խումբը բաղկացած էր 6 հոգուց, խումբն ավելի մեծ էր, սակայն գործողությունների անմիջական շրջանում գտնվում էին տվյալ 4 զինծառայող, որոնք անմիջական խնդիր էին կատարում, իսկ երկուսը կառավարման խմբի մեջ մտնող: Իրենք մոտեցել էին արդեն բանակցություններ վարելու, այսինքն` պատկերացնում էին, որ կլուծվեր նույն ճանապարհով, բայց հակառակորդը գործել է այլ կերպ` դավադրաբար և մեր տարածքում հետադարձ սահմանից 800 մետր խորության վրա շրջափակել և գերեվարել մեր 6 զինծառայողներին», - ասել էր նա:
Այս ասուլիսում Ասրյանը նաև չէր բացառել, թե հայկական Զինված ուժերը կարող են սկսել պատժիչ գործողություններ. «Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել իրենց սադրիչ, հարկադրական գործողությունները, իսկ մեր զինված ուժերի ստորաբաժանումները նույնպես հակագործողություններ վարելով փորձում են ՀՀ տարածք ներթափանցած հակառակորդի ուժերը և միջոցները վտարել մեր տարածքից՝ սահմանից այն կողմ»։
Ասրյանի անունը նաև կար անցած տարվա փետրվարին այն ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ու մի քանի տասնյակ բարձրաստիճան զինվորականների հայտարարության տակ, որտեղ զինվորականները պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Այն ժամանակ Ասրյանը դեռ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ էր, ԳՇ պետի տեղակալ նշանակվեց այս հայտարարությունից երեք ամիս անց։