Աշխարհը գոնե մի փոքր դեպի լավը փոխելու համար կինոն ևս կարող է իր վրա մի փոքր պատասխանատվություն վերցնել։ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ֆիլմերի զգալի մասն այս տարի քաղաքական ենթատեքստ ուներ. և՛ փառատոնի կազմակերպիչները, և՛ մասնակիցները միակարծիք էին՝ կինոն այսօր մեսիջ է, որը տեղ հասցնելու համար արժե ռիսկի դիմել:
«Ոսկե Ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի անդամ Օրվա Նիրաբիան Սիրայի իշխանությունների կողմից դեռ 10 տարի առաջ էր ձերբակալվել։ Պատճառը, ռեժիսորի խոսքով, իր ազատ կինոն էր՝ ծանր վիճակի մեջ հայտնված մարդկանց, հասարակության մասին։ Երեք շաբաթ ազատազրկության մեջ մնալուց հետո Նիրաբիան ազատ էր արձակվել միայն միջազգային կինոգործիչների արշավից հետո. հազարավոր աստղեր, այդ թվում՝ Ռոբերտ Դե Նիրոն, Ռոբերտ Ռեդֆորդը, Շարլոտ Ռեմփլինգը, Քևին Սփեյսին, Ջուլիետ Բինոշը խստագույնս դատապարտել էին արվեստագետի նախ առևանգումը Դամասկոսի միջազգային օդանավակայանում, հետո՝ առանց որևէ մեղադրանքի ճաղերի ետևում պահելը։
«Արվեստագետը հասարակության, իրականության մի մասնիկն է ու պիտի ռիսկի գնա՝ ցույց տալով այն, ինչ կատարվում է մեր շուրջը։ Իհարկե, կլինեն մարդիկ, կլինեն ուժեր, որոնց դուրը դա չի գա», - նշեց Նիրաբիան։
«Ոսկե Ծիրան»-ի շրջանակում ցուցադրված Դիանա էլ Ժեյրուդի «Լռության հանրապետություն»-ն նուրբ գծով անդրադառնում է նաև Նիրաբիայի հետ տեղի ունեցածին. 12 տարվա ընթացքում ստեղծված ֆիլմը զուգահեռներ է տանում Բեռլինի բարեկեցիկ կյանքի և պատերազմից, կոռուպցիայից ավերված Դամասկոսի միջև:
Գերմանիայում բնակվող 44-ամյա ռեժիսորը վստահ է՝ եթե որոշել ես զբաղվել անկախ կինոարտադրությամբ, լինել ազատ արվեստագետ, պիտի գիտակցես՝ առավելություն ունես քո խոսքից, քո կինոյից վախեցողների նկատմամբ։
«Շատ դժվար է տեսնել՝ ինչպես է մեր շուրջ ամեն ինչ վատն ու ավելի վատը գնում։ Բայց պատեկարցնո՞ւմ եք՝ ինչքան ավելի վատը կլիներ կյանքը, եթե մարդիկ չխոսեին այդ մասին։ Փոխո՞ւմ է արդյոք կինոն կյանքի ընթացքը.... չգիտեմ, գուցե դանդաղ տեմպերով մի բան լինում է։ Ընդամենը հավատում ենք, որ անտեսանելի մի բան դեպի լավն է գնում», - ընդգծեց նա։
Արտամրցութային ծրագրում ներառված գերմանացի ռեժիսոր Ֆլորիան Հոֆմանի «Պատերազմի շորշոփները» թուրք-քրդական հակամարտությունն է բերում ուշադրության կենտրոն։ Հերոսները Գերմանիայում հաստատված միգրանտներ են, բայց հեռվում ընթացող պատերազմը շարունակվում է Բեռլինի փողոցներում՝ թուրք ու քուրդ ցուցարարների միջև:
Կյանքը սև ու սպիտակ չէ ու եթե դա չի երոևում լրատվամիջոցներում, գոնե կինոն այլ գույներ ցույց տալու հնարավորություն ունի, «Ոսկե Ծիրան»-ի մրցութային ժյուրիի անդամ, ռեժիսոր Հոֆմանն այսպես է բացատրում՝ ինչո՞ւ հատկապես վերջին շրջանում մեծ թափ ստացավ քաղաքական կինոմատոգրաֆիան։ Լրահոսն այսօր զբաղված է մեծ կոնֆլիկներով, մինչդեռ աշխարհի տարբեր կետերում ընթացող պատերազմներն այդպես էլ աննկատ ու անկարեկցանք են մնում։
«Որպես քաղաքական ռեժիսոր մեր առաքելությունն է չտրվել լրահոսին, նայել աշխարհում ինչ է տեղի ունենում և պատմել այն հակամարտությունների մասին, որոնց ինչ-ինչ պատճառներով չի անդրադառնում մամուլը։ Այսօր Գերմանիայում ապրող իմ հասակակիցները պատերազմի մասին պատկերացում կազմում են միայն հոլիվուդյան ֆիլմերից... հերոսական պատմություններ են դրանք, մինչդեռ իրականությունը պատերազմում ապրող սովորական մարդկանց առօրյան է: Նրանց մասնավոր խնդիրները ներկայացնելով՝ կարող ես հանդիսատեսին պատմել մի ամբողջ ազգի, մի ամբողջ պատերազմի պատմության մասին», - նշեց Հոֆմանը:
Հայաստան ժամանած օտարերկրյա ռեժիսորները հասցրել են ծանոթանալ որոշ հայկական ֆիլմերի հետ։ Քաղաքականությունն այստեղ շատ է, առաջին տպավորություններով են կիսվում՝ շտապելով ավելացնել՝ բնական է խնդիրներով ապրող փոքր երկրների համար։ Եթե հնարավոր չէ փոխել քաղաքական իրավիճակը, ապա գոնե կինոյի միջոցով կարելի է երևակայել, որ կփոխվի մարդկանց վերաբերմունքը խնդիրների նկատմամբ։
«Կինոն էդ ուժն ունի, ֆունկցիոնալ կարողանում է ինչ-որ հարցեր բարձրացնել: Կան դեպքեր, որ օրինակ, ֆիլմի միջոցով մի ամբողջ երկրի ինչ-որ խնդիր ա լուծվել», - ասաց Տարածաշրջանային համայնապատկեր անվանակարգում ներկայացված «Հինգ երազողները և ձին» ժապավենի համահեղինակ Արեն Մալաքյանը:
Մալաքյանն, այդուհանդերձ, հավատում է, որ քաղաքական կինոյին կուլ չի գնա պոետիկ ժանրը:
Ռեժիսոր Վահագն Խաչատրյանի հետ ստեղծած ֆիլմում երիտասարդ ռեժիսորները սյուժեի հիմքում պահել են մարդկային պարզ երազանքները՝ տիեզերք թռչել, կատարյալ կին գտնել... այդուհանդերձ, քաղաքական թեման այստեղ էլ նուրբ ընթացքով հոսում է ռոմանտիկ այս ցանկությունների միջով։
«Էսօր եթե տենդենցը տեսնենք, հիմնականում ֆինանսավորում են քաղական կամ սոցիալական ուժեղ թեմաներ: Պոետիկ կինոն, որը սիրո մասին է, պոեզիայով համեմված, մի քիչ անցնում է հետին պլան: Բայց ինձ համար կինոն էդ չի, էդ գործիքակազմը ես լավ հասկանում եմ ու բնականաբար, ինչ-որ չափ դրա հետ առնչվում էլ եմ, բայց կինոն իմ համար էդ չի ու կարծում եմ, որ կինոն, կինոմատոգրաֆն ավելի ուրիշ բաների մասին է», - ասաց Արեն Մալաքյանը:
100-ից ավելի ֆիլմ ներկայացնող «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ընթացքում այս տարի առավել մեծ ուշադրության արժանացել մարդու իրավունքները. պանելային հատուկ քննարկում անգամ ծավալվեց. կինոգործիչների համար մի բան հստակ էր՝ լավ կինոն կարող է աշխարհաքաղաքական խնդիրներ բարձրացնելուց բացի նաև լուծումներ առաջարկել։