Մատչելիության հղումներ

«Կինոն հանդիսություն է, կինոն քաղաքական ելույթ չէ». Երևանում է օսկարակիր ֆրանսիացի ռեժիսոր Կոստա-Գավրասը


Յուրաքանչյուր կինո քաղաքականություն է։ Ոչ միայն խոսքով, այլ նաև տասնյակ ժապավեններով է ապացուցել արմատներով հույն, ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիս Կոստա-Գավրասը, որ այսօր առաջին անգամ Հայաստանում է՝ «Ոսկե Ծիրան»-ի պատվավոր հյուրերի շարքում։

Օսկարի, Ոսկե արմավենու, «Ոսկե արջ», «Սեզարի» մրցանակակիրը Երևանում մի կարճ հանդիպում ունեցավ ֆրանսիական կինոյի սիրահարների, իր համարձակ կինոյի երկրպգուների հետ՝ բացելով որոշ գաղտնիքներ իր անցած հաջողակ ճանապարհից։ «Կինոյի հսկա» ձևակերպումը, որն օգտագործեց ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը բազմաթիվ մրցանակների դափնեկրին ներկայացնելիս, այնքան էլ Կոստա-Գավրասի սրտով չէր։ Ասում է՝ «իմ գործը կինո ստեղծել է, ոչ թե ուժերով չափվելը»։

Քաղաքական սուր թեմաներով հայտնի ֆիլմերի հեղինակը համաձայն չէ ձևակերպման հետ, թե քաղաքական ռեժիսոր է, իր հերոսը՝ մարդն է, որի վրա պարզապես շատ հաճախ աղետալի հետքեր է թողնում քաղաքականությունը, պատմությունը։

«Կինոն հանդիսություն է, կինոն քաղաքական ելույթ չէ։ Մենք գնում ենք կինո էմոցիաների հետևից՝ լացելու, ուրախանալու։ Իսկ թե ինչ կանի մարդ իր էմոցիաների հետ կինոյից հետո, իր գործն է։ Գուցե իմ ֆիլմերում տաբու թեմաների եմ անդրադարձել, տաբու եղանակներով եմ այն ներկայացրել։ Կինոյի դերն է՝ գնալ ու բացահայտել այն վայրերը, որտեղ ոչ մի ուրիշ մարդ էլ չի գնում։ Ռեժիսորը դրա համար արտակարգ գործիքներ ունի՝ դերասաններ», - նշեց Գավրասը:

Հայտնի անունների՝ Ռենե Կլերի, Անրի Վերնոյի, Ժակ Դեմիի և Ռենե Կլեմանի օգնականն աշխատած և այսօր հումանիստական նկարիչ անվանն արժանացած Կոստա-Գավրասի «Զետա» ֆիլմն է հատկապես մեծ աղմուկ է հանել։ Ֆրանսիական կինոյի աստղեր Ժան Լուի Տրենտինյանի, Իվ Մոնտայնի, Ժաք Պերենի մասնակցությամբ ստեղծված այս ֆիլմը հենց «Օսկար» բերեց ռեժիսորին 69 թվականին։

Իրական փաստերի վրա հիմնած ֆիլմը պատմում է 60-ականներին Հունաստանում տեղի ունեցած քաղաքական մի իրադարձության մասին։ Մոլեգին ցույցի ժամանակ սպանվում է նշանավոր քաղաքական գործիչն ու բժիշկը: Զինվորական և պետական պաշտոնյաները կոծկում են դա: Այդուհանդերձ գտնվում է այն դատավորը, որը թույլ չի տալիս նրանց ջրից չոր դուրս գալ:

«Զետա»-ից հետո «Խոստովանությունն» էր՝ Արևելյան Եվրոպայի ոստիկանական պետություններից մեկի կոմունիստ նախարարի մասին, որին կուսակցականները հետապնդում են ենթադրյալ անհավատարմության համար: Հաջորդիվ Կոստա-Գավրասը Ուգանդայի ռազմական վարչակարգի ամերիկացի խորհրդականի մասին է պատմում, որին առևանգում են հեղափոխականները: Նրա «Ամեն» ֆիլմը ևս պատերազմական դրամա է. մի գերմանացի զինվոր որոշում է կաթոլիկ եկեղեցու առաջնորդներին տեղեկացնել՝ ինչ է տեղի ունենում նացիստական համակենտրոնացման ճամբարներում։

Այսօր իր արվեստի սիրահարների հետ հանդիպման ժամանակ 89-ամյա Կոստա-Գավրասը խոստովանեց՝ իր համար անսպասելի էր այսպիսի հաջողությունը այն էլ բավական երիտասարդ միգրանտի համար, որ ընդամենը Հունաստանից Ֆրանսիա էր տեղափոխվել՝ Սորբոնում անվճար սովորելու համար. - «Ընդամենը մի օր պատահական ինձ ներկայացրել են Իվ Մոնտանին՝ էլի որպես ներգաղթյալի, չէ՞ որ նաև իտալիայից էր»:

Փառատոնի շրջանում մեծն ռեժիսորից երկու ֆիլմ վայելելու հնարավորություն կա։ «Զետա»-ից բացի Երևանում կներկայացվի նրա վերջին՝ 3 տարի առաջ նկարահանծ ֆիլմը՝ «Մեծահասակները տանն են»՝ Հունաստանի ջախջախված տնտեսության մասին։

Հայաստանից ֆրանսիացի ռեժիսորը կմեկնի Լոկառնոյի կինոփառատոն, որտեղ նրան շնորհվելու է պատվավոր մրցանակ՝ կինոարվեստում ունեցած անգնահատելի ավանդի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG