Մատչելիության հղումներ

Ամրապնդվում և խորանում է «Ոսկե Ծիրանի» համագործակցությունը Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների հետ


Ընդամենը մի քանի օր հետո կմեկնարկի մեր հանրության ամենասիրված ու սպասված մշակութային իրադարձություններից մեկը՝ «Ոսկե Ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնը, որն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը։

Հիմնադրման օրից «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը սերտորեն համագործակցում է դիվանագիտական մի շարք ներկայացուցչությունների հետ՝ յուրաքանչյուր տարի առավել ընդյանելով այդ համգործակցությունը։

Ինչպես այսօր հրավիրված ասուլիսից առաջ «Ազատության» հետ զրույցում ընդգծում էր կինոփառատոնի հիմնադիրներից Սուսաննա Հարությունյանը, առանց նման համագործակցության անհնար էր նման փառատոն կազմակերպելը. - «Որովհետև փառատոնը նաև սկսվել է նրանցի, որ մենք՝ հիմնադիրներս սկսեցինք մասնակցել տարբեր փառատոներին դրսում, և կապերը, որ դրսի հետ ստեղծվեցին ֆրանսիական կինոյի, գերմանական կինոյի, եվրոպական կինոյի հետ ամրապնդվեցին, երբ որ մենք հիմնադրեցինք փառատոնը և սկսեցինք արդեն համագործակցել կոնկրետ երկրի դեսպանության հետ։ Առաջին տարվանից համագործակցում ենք Գյոթեի ինստիտուտի հետ, համագործակցության գերմանական դեսպանատան հետ, համագործակցում ենք ֆրանսիական դեսպանատան հետ ու ամերիկյան դեսպանատան հետ։ Էդ մեր հիմնական պարտնյորներն են»։

Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությամբ այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի օրերին կինոարվեստի երկրպագուները հնարավորություն կունենան դիտել համաշխարհային կինոյի դասական Կոստա Գավրասի ֆիլմերը, հարգանքի տուրք կմատուցվի ֆրանսիական կինոյի դասական Ալեն Ռենեին՝ կցուցադրվեն նրա «Հիրոսիմա, իմ սեր», «Պատերազմն ավարտված է» և այլ ֆիլմեր։

Ինչպես շեշտում էր Ֆրանսիայի դեսպանատան մշակութային հարցերով համագործակցության բաժնի ղեկավար Գիյոմ Նարժոլեն, իրենց երկար տարիների համագործակցությունը կինոփառատոնի հետ շատ լավ արդյունքներ է գրանցել. - «Մեզ համար շատ կարևոր է աջակցել տարբեր մշակութային միջոցառումներին Հայաստանում, և կինոփառատոնը մեզ համար հին գործընկեր է»։

ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ջենիֆեր ՄքԷնդրյուն դեսպանատան անունից իր գոհունակությունն արտահայտեց այս փառատոնին աջակցելու համար՝ ընդգծելով, որ այս տարի նշվում է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և այս փառատոնը ևս մեկ բեղուն օրինակ է մշակութային կապերի և համագործակցության ամրապնդման ու խորացման։ Նրա խոսքով, ԱՄՆ դեսպանատան հետ կինոփառատոնի համագործակցությունը սկսվել է 2006 թվականից և արդեն 16 տարի իր որոշակի նպաստն է բերում մշակութային երկխոսության ամրապնդմանը։ Այս տարի հայ հանդիսատեսին կներկայացվի ամերիկյան հանրահայտ Սանդենս կինփառատոնի ֆիլմերի ծրագիրը։

Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը և «Գյոթե» կենտրոնը համագործակցում են «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ արդեն 18 տարի, ասաց կենտրոնի ղեկավար Նաթիա Միքելաձե- Բախսոլիանին։ Նրա խոսքով, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մեծապես աջակցել են հայ հանդիսատեսին լավագույն գերմանական ֆիլմեր ներկայացնելու համար։

Հայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատունը կաջակցի փառատոնային օրաթերթի լույս ընծայմանը, իսկ դեսպանատների և միջազգային տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ Հայաստան կժամանեն հայտնի կինոգործիչներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG