Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանդրական դատարան դիմելու իշխանության նախագիծն արդեն պատրաստ է։ Նախագծով առաջարկվում է մանդատից զրկել կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու հիմքով։
«Այն ընդդիմադիրներն, ովքեր շտապում են և հայտարարում են, որ կա նման` պատժելու քաղաքական որոշում, ներողություն, իսկ ո՞ւր մնաց օրենքը, եթե նրանք բացակայել են նիստերից», - նշեց «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Ազգային ժողովի խորհրդի որոշման նախագիծն այսօր հրապարակվեց խորհրդարանի կայքում և րոպեներ անց հեռացվեց։ Տեխնիկական վրիպակի պատճառով է կայքից հանվել, «Ազատությանն» ասաց իշխանական պատգամավոր Հակոբյանը. «Հանվեց, որպեսզի վրիպակը շտկվի և նորից տեղադրվի, կարծում եմ»:
Պատգամավորներին մանդատից զրկելու հարցով որոշման նախագիծը նախ պետք է քննարկվի Ազգային ժողովի խորհրդի նիստում, ընդունվելուց հետո միայն կուղարկեն Սահմանադրական դատարան։ Վերջնական որոշումը հենց Սահմանադրական դատարանն է կայացնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օհանյանը հայտարարում է՝ Ազգային ժողով կվերադառնան իրենց օրակարգի համաձայնԿայքից հեռացված նախագիծը թվագրված է հուլիսի 14-ով։ Ազգային ժողովի նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը փոխանցեց՝ նիստի օրը հայտնի չէ։ Իսկ որոշման նախագիծը կայքից հեռացվել է տեխնիկական վրիպակի պատճառով։ Թե ինչ վրիպակի մասին է խոսքը, չմանրամասնեց։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցում խորհրդարանի նիստերին։ Փողոցում ցույցեր ու անհնազանդության ակցիաներ են անում, պահանջում վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Իրենց մանդատներից զրկելու որոշման նախագծի հետ կապված դեռ հայտարարություն չեն արել։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց՝ կխոսեն, երբ նիստ լինի։
«Ինչպես փնթի երկիրը ղեկավարում են և տարան կործանման, այդպես էլ փնթի Ազգային ժողովի կառավարումն է: Մնացած մեկնաբանություն չեղած բանի մասին չունեմ», - ասաց նա:
Նախագիծը Ազգային ժողովի կայքում հայտնվեց ու անհետացավ «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանի ասուլիսից ժամեր անց։ Մինչ այդ Սաղաթելյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե մտադիր չեն խորհրդարան վերադառնալ. «Վստահ եղեք, որ մեր ընտրողների ցանկությունն այսօր նա չէ, որ գնանք խորհրդարան ու զբաղվենք երկրորդական հարցերով»:
«Այսինքն` իրենց ընտրողներն իրենց մանդատ են տվել Սոս Ջանիբեկյանին փողոցում հայհոյելու համար, իրենց ընտրողներն իրենց մանդատ են տվել Արմեն Մարտիրոսյանին շշերով հարվածելու համար: Սաղաթելյան Իշխանի ասածն այդպե՞ս ընդունենք, որ իրենց ընտրողներն իրենց մանդատ են տվել ՀՀ քաղաքացիներին հնարավորինս շատ նեղություն պատճառելու համար», - արձագանքեց Հրաչյա Հակոբյանը:
Իշխան Սաղաթելյանը, որին իշխող խմբակցությունը օրերս զրկեց Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնից, շարունակում է պնդել` «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների օրակարգը Ազգային ժողովի պատերից դուրս է։
«Օրակարգն այսօր փողոցում է, հարցերը լուծվելու են այդ ճանապարհով, և մենք պարտավոր ենք թափ տալ շարժմանը և հասնենք այն նպատակին, որը հայտարարել ենք, այլ տարբերակ, այլ ճանապարհ այլևս չկա», - շեշտեց նա:
Դաշնակցական Սաղաթելյանն ասաց՝ օրենսդրական ակտիվ աշխատանքի դեռ չեն վերադառնա, մանդատներից էլ չեն հրաժարվի, վայր կդնեն միայն այն դեպքում, եթե այն կուժեղացնի Փաշինյանի իշխանության դեմ պայքարը։
«Այսօր մանդատներից հրաժարվելով որևէ արդյունավետություն այս շարժմանը չենք հաղորդելու, հետևաբար ասել եմ` մեր օրակարգի ու գործընթացի հաջողության համար դեռ գտնում ենք, որ դա պետք գալու է», - նշեց նա:
Իսկ խորհրդարանից դուրս ի՞նչ ծրագրեր ունեն ընդդիմադիրները. Իշխան Սաղաթելյանը պնդեց, թե հիմա էլ ակտիվ աշխատում են, պարզապես այն անտեսանելի է, քանի որ աշխատանքը կազմակերպչական բնույթի է` մարզերում կառույցներ են ձևավորում, որ նախապատրաստվեն մեծ պայքարի: Թեժ աշնա՞ն, հարցրեց «Ազատությունը»:
«Կարող է այնպիսի իրավիճակ լինի, որ միանգամից իրավիճակը թեժ օգոստոս լինի», -պատասխանեց պատգամավորը: