Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը բողոքի ակցիայով է նշում Սահմանադրության օրը


Երևանում այսօր «Ի պաշտպանություն Հայաստանի Սահմանադրության» բողոքի երթ անցկացրեց իշխանությունների հեռացումը պահանջող «Դիմադրության» շարժումը։

Երթի մասնակիցները շղթայված Սահմանադրությունը տարան Բարձր դատարանի մոտ՝ այնտեղ թողնելով նաև բազմաթիվ գրիչներ, որոնք, ինչպես իրենք հայտարարեցին, ոտնահարված Սահմանադրության խորհրդանիշն են։ Ընդդիմադիրները պարզել էին «Քաղբանտարկյալների երկիր Հայաստան» և այլ գրություններով պաստառներ։

Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան

Պատգամավոր Արամ Վարդևանյանը («Հայաստան») իր ելույթում պնդեց, որ վերջին տարիներին բարեփոխման անվան տակ Սահմանադրական դատարանի դեմ քայլեր են արվել. - «Մենք ունենք մի իրականություն, որտեղ օրվա իշխանությունները, որ այսօր իբր ժողովրդից՝ մեզանից պաշտպանում են Սահմանադրական դատարանը ոստիկանական ուժերով, էկել-շրջափակել էին էս դատարանը։ Հենց իրե'նք։ Պատկերացնո՞ւմ եք, օրվա իշխանությունը գա, շրջափակի Սահմանադրական դատարանը, որ դատավորները մուտք չգործեն։ Էդ օրվանից արդեն ջրբաժան ա էղել Սահմանադրության ու իշխանության միջև։ Սահմանադրությունը էս իրավիճակում, էս իրականությունում պաշտպանելը լինելու ա միայն պայքարի միջոցով։ Միա'յն պայքարի միջոցով։ Դրա համար բռունցքներս բա'րձր... Պայքա'ր, պայքա'ր»։

Աննա Գրիգորյան
Աննա Գրիգորյան

Ապա երթի մասնակիցները շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր։ Պատգամավոր Աննա Գրիգորյանը («Հայաստան») հայտարարեց, որ նախագահ Վահագն Խաչատրյանը ոչ թե Սահմանադրության, այլ այս իշխանությունների պաշտպանն է. - «Նա լռում է, երբ քաղաքական ճգնաժամ կա, երբ հատուկ միջոց է կիրառվում ժողովրդի նկատմամբ, երբ հետապնդվում է ցանկացած մեկը, ով այլախոհ է։ Տասնյակ քաղբանտարկյալների առկայության դեպքում այս անձը լռում է։ Սրա միակ առաքելությունը լռելն է։ Ուրիշ բան չունի անելու։ Եվ բացառապես պահելու ՔՊ խմբակի շահերը։ Առհասարակ պառլամենտական երկրում ինստիտուտը նախագահական անարգվել է»։

Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյան

Ընդդիմադիրներն իրենց երթն ավարտեցին ԱԺ-ի շենքի մոտ։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի բնորոշմամբ՝ այսօր Հայաստանը գտնվում է ֆունդամենտալ սահմանադրական ճգնաժամի մեջ. - «Սահմանադրություն բառը սահման դնելու մասին է։ Մեր լեզվամտածողությունը շատ լավն է այս առումով։ Կա՞ն սահմաններ, կա՞ ինչ-որ սահման, որ նիկոլական իշխանությունը իրեն կաշկանդված է համարում։ Ում ուզում նշանակում է՝ անկախ պաշտոններից, անկախ արժանիքներից, անկապ ֆորմալ չափանիշներին համապատասխանելուց։ Վճռաբեկ դատարանի մասով տեսեք ինչ արեցին. Նիկոլ Փաշինյանի իր ընտանիքի փաստաբանին նշանակեց Վճռաբեկ դատարանի դատավոր»։

Այսօր Հայաստանում Սահմանադրության տոնի կապակցությամբ ոչ աշխատաքային օր է, և պետական բոլոր շենքերում միայն անվտագության աշխատակիցներ էին, որևէ մեկը ցուցարարներին ընդառաջ դուրս չեկավ։

XS
SM
MD
LG