Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը վաղը կքննարկի Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնից հեռացնելու հարցերը


Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» վաղն Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկելու է խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնից հեռացնելու հարցերը։

Ընդդիմադիրներին պաշտոնազրկելու նախագծերն արդեն հրապարակվել են Ազգային ժողովի կայքում։ Իշխող մեծամասնությունը հեշտությամբ կարող է ապահովել որոշման համար անհրաժեշտ 54 ձայները։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր չբացառեց՝ եթե ընդդիմությունը ազատ մնացած պաշտոններում նոր թեկնածուներ առաջադրի, հնարավոր է ընտրեն։

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան

«Եթե նորմալ թեկնածու առաջադրի ընդդիմությունը, միանշանակ կընտրենք: Թող առաջարկեն տեսնենք: Իմ անձնական չափանիշներն են, օրինակ, որ լտկի չլինի, որ իրեն քաղաքական գործչին վայել պահի, որ իր գործառույթները լավ իրականացնի», - ասաց Սիմոնյանը:

Ընդդիմությունից էլ հակադարձում են՝ իշխանականների այս քայլը ևս մեկ անգամ փաստում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ցանկանում է ունենալ մարդիկ, որոնք իրենց ցանկությունները կկատարեն։ Բացառելով սրա հնարավորությունը՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասում է՝ իշխող ուժը պետք է հայաստանցիներին ու սփյուռքահայերին հիմնավորի իր քայլի տրամաբանությունը։

«Իրենք նաև ամենայն հավանականությամբ մտածում են, որ այս պաշտոնները, որոնք ոչ թե իրենք են շնորհել ընդդիմությանը, այլ սահմանադրական օրենքի հիմա վրա է վերապահվել ընդդիմությանը, իրենք պետք է ամեն ջանք գործադրեն, որպեսզի էդ պաշտոնների ուժով խոսքը չհասնի լայն հանրությանը, այդ թվում՝ միջազգային հանրությանը», - ընդգծեց Մինասյանը:

Նախօրեին հայտարարելով ընդդիմադիրներին պաշտոններից զրկելու գործընթացի մասին՝ իշխանականները դեռևս չունեն վերջնական որոշում անհարգելի բացակայություններ ունեցող ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցի շուրջ: Ազգային ժողովի նախագահն այսօր ասաց, որ այդ հարցում խմբակցությունում տեսակետները կիսվել են։

«Մեր գործընկերների մի մասը համարում է, որ իրենք արդեն իրենց մանդատներից զրկել են, իրենք իրենց հայտարարություններով: Վերջիվերջո քաղաքական գործչի ուժն ինչո՞ւմ է, իր խոսքի, իր գործողությունների, իր անցած ճանապարհի մեջ, իրանք դուրս են եկել փողոց, ասել են, որ այլևս իշխանությունը այստեղ է և հիմա գալու են խելոք այստեղ նստեն», - նշեց Սիմոնյանը:

Հակառակ դեպքում, Ալեն Սիմոնյանն ասում է, հարցը օրենքով է լուծվելու. - «Օրենքը կորոշի և քաղաքական որոշում կլինի, կա՛մ գալու են խելոք նստեն, կա՛մ չեն գալու և զրկվելու են մանդատներից էնքան ժամանակ մինչև կգան նորմալ պատգամավորներ իրենց ցուցակից, կգիտակցեն, որ իրենք քաղաքական գործիչ չեն»:

«Մի հատ տեսեք իրենց հայտարարությունները, իրենց օրակարգը, Հայաստանի և Արցախի առջև ծառացած էս ծանրագույն մարտահրավերների պայմաններում իրենք ինչի մասին են խոսում», - ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղարն անդրադառնալով Սիմոնյանի հայտարարությանն, ասում է՝ անհամատեղելի են իշխող ուժի ու իրենց պատկերացումները երկրի օրակարգերի վերաբերյալ։ Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու քայլն էլ, թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումով, ինքնասպանության գնալու փորձ է համարում։

«Մենք միշտ հայտարարել ենք՝ մանդատներն ինքնանպատակ չեն, մանդատն անհրաժեշտ է, որպեսզի պայքարը ծավալվի և դիմադրության շարժման այս ընթացքը շատ հստակ ցույց տվեց, որ մանդատները ընդդիմադիրները ծառայեցրել են հենց այդ պայքարի շրջանակներում՝ սպասարկելով իրենց ընտրողների և հայ ժողովրդի արդեն հիմա մեծամասնության պատկերացումները», - ընդգծեց Մինասյանը:

Ընդդիմադիրները շարունակում են հայտարարել՝ իրենք խորհրդարան կգան միայն իրենց օրակագրով: Արծվիկ Մինասյանը շեշտում է՝ Հայաստանի ու Արցախի անվտանգությանը վերաբերող հարցերն են իրենց հուզում, այլ ոչ թե այս կամ այն անհատին այս կամ այն պաշտոնում նշանակելը կամ պաշտոնանկ անելը։

«Եթե իշխող քաղաքական ուժը իրեն վերապահում է իրավունք խոսելու ժողովրդի անունից ու ժողովրդին մտահոգող այս հարցերը իր օրակարգում չեն, ինքը Ազգային ժողովում որպես բարձրագույն օրենսդիր մարմին, բարձրագույն ներկայացուցչական մարմին քննարկման առարկա դարձնելու անհրաժեշտություն չի տեսնում, նշանակում է՝ իրենք պետք է հեռանան, իրենք պետք է մանդատները սեփական կամքով վայր դնեն», - ընդգծեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:

Քվեարկություններից ամենից շատ անհարգելի բացակայություն ունեցող պատգամավորներին մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշումը Ազգային ժողովի խորհուրդն է կայացնում, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ունի մեծամասնություն։ Եթե խորհրդի նիստում չի ընդունվում որոշումը, ապա կա նաև այլ տարբերակ՝ առնվազն 22 պատգամավոր կարող է հավաքվել ու այդ հարցով դիմել ՍԴ։ Դիմումից հետո արդեն Բարձր դատարանն է որոշում՝ պատգամավորին զրկել մանդատից, թե ոչ։ Ըստ Ազգային ժողովի աշխատակազմի՝ այս պահին մանդատից զրկվելու վտանգի տակ է 13 ընդդիմադիր պատգամավոր։

XS
SM
MD
LG