Պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքները․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Գրիգորյանին

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում, այսօր ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ այսօր երևանյան հանդպման ժամանակ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է՝ ՀՀ տարածքով միջանցք բացելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, Երևանը հերքում է

Ալի Շամխանին նշել է, որ վերոնշյալի կոնտեքստում պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի վարչապետն Նիկոլ Փաշինյանի հետ մայիսի 23-ի բրյուսելյան հանդիպումից հետո հեռախոսով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ասել էր, թե կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ՝ ներառելով ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը։ Երևանը հերքել էր՝ «Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել»։

Գրիգորյանն այսօր Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին նաև ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային անվտանգության ապահովման և ապաշրջափակման վերաբերյալ, ինչի շրջանակներոմ Իրանի ԱԽ քարտուղարն ընդգծել է Թեհրանի պաստրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի անվտանգության պահպանմանը:

Կողմերը պայմանավորվել են երկխոսությունը շարունակելու նպատակով հաջորդիվ հանդիպել Հայաստան-Իրան սահմանին:

Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին այսօր է ժամանել Երևան: Արմեն Գրիգորյանն է նրան դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում։ Նախատեսված է հանդիպում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի ԱԽ քարտուղարը ժամանեց Երևան