Հունվարից ի վեր «Գազպրոմի» հետ կապ ունեցող չորրորդ պաշտոնյան է մահացել

Լենինգրադի մարզի էլիտար տնակային գյուղի տարածքում մահացած են գտել «Գազպրոմի» պայմանագրերում մասնագիտացած Astra-Shipping լոգիստիկ ընկերության գլխավոր տնօրեն 61-ամյա Յուրի Վորոնովին։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տղամարդու մարմինը հայտնաբերվել է սեփական տան լողավազանում։ Մահվան նախնական պատճառը հենց Վորոնովի կողմից հասցված դիպուկ հրազենային վնասվածքն է։

Տարեսկզբից սա «Գազպրոմ» կորպորացիայի հետ անմիջականորեն կապ ունեցող չորրորդ թոփ մենեջերի մահն է․ հունվարին «Գազպրոմ Ինվեստ»-ի ղեկավարներից Լեոնիդ Շուլմանը մահացած էր հայտնաբերվել Լենինգրադի մարզում, փետրվարին՝ Ալեքսանդր Տյուլյակովը, որը զբաղեցնում էր «Գազպրոմ»-ի կորպորատիվ անվտանգության գծով միասնական հաշվարկային կենտրոնի փոխտնօրենի պաշտոնը։ Երկու դեպքում էլ մահվան պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է։

Ապրիլին Մոսկվայում մահացած են գտել «Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևին, կնոջն ու դստերը։ Քննիչների խոսքով՝ Ավաևն է կրակել հարազատների վրա, իսկ հետո ինքնասպան եղել։