Շառլ Միշելը կոչ է արել Հյուսիսային Մակեդոնիային՝ սատարել Մակրոնի առաջարկած փոխզիջումային ծրագրին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել Հյուսիսային Մակեդոնիային` սատարել Ֆրանսիայի առաջարկած փոխզիջումային ծրագրին, որի նպատակն է վերջ տալ հարևան Բուլղարիայի հետ Սկոպյեի տարաձայնություններին։

Այդ հակասությունների պատճառով պաշտոնական Սոֆիան արգելափակում է Եվրամիության անդամակցության շուրջ Հյուսիսային Մակեդոնիայի հետ բանակցությունները։

Սկոպյեում, վարչապետ Դիմիտար Կովաչևսկիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Միշելը հայտարարել է, որ եթե Հյուսիսային Մակեդոնիան ընդունի նախագահ Մակրոնի առաջարկած ծրագիրը, ապա բանակցություները անմիջապես կմեկնարկեն։

Ֆրանսիայի նախագահի՝ անցած շաբաթ առաջարկած ծրագրին դեմ են Հյուսիսային Մակեդոնիայի ընդդիմադիր՝ աջակողմյան քաղաքական ուժերը՝ հայտարարելով, թե այդ ծրագրով Սկոպյեն Սոֆիային շատ զիջումներ է անում պատմության, լեզվի, ազգային ինքնության և մշակույթի հարցերում։