Մատչելիության հղումներ

Հյուսիսային Մակեդոնիան և ՆԱՏՕ-ն անդամակցության արձանագրություն են կնքելու


Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը Բրյուսելում հանդիպում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, արխիվ
Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը Բրյուսելում հանդիպում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ փետրվարի 6-ին Հյուսիսատլանտյան դաշինքն անդամակցության արձանագրություն է կնքելու Մակեդոնիայի հետ: Դա Մակեդոնիայի համար կարևոր քայլ է ՆԱՏՕ-ի 30-րդ անդամը դառնալու ճանապարհին:

«Փետրվարի 6-ին մենք պատմություն ենք կերտելու: Դաշինքն անդամակցության արձանագրություն է ստորագրելու Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հետ», - այսօր գրել է Ստոլտենբերգը Թվիթերի իր էջում:

Այդ հնարավորությունն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ Մակեդոնիան և Հունաստանը հաստատել են համաձայնությունը, ըստ որի՝ Մակեդոնիան հետայսու ի պաշտոնե կանվանվի «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն»:

1991 թվականից ի վեր Հունաստանն արգելափակել է Մակեդոնիայի ինտեգրումն արևմտյան կառույցներին, պահանջելով, որ Սկոպյեն փոխի երկրի անունը, քանի որ Հունաստանում կա «Մակեդոնիա» անվամբ երկրամաս: Աթենքը պնդել է, որ նույն անվամբ պետություն կոչելը հանդիսանում է տարածքային պահանջ Հունաստանին:

ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրները պետք է վավերացնեն Մակեդոնիայի անդամակցության արձանագրությունը:

«Երբ այդ գործընթացն ավարտվի, Մակեդոնիան կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ»,- հայտարարել է Ստոլտենբերգը:

Ե՛վ Հունաստանի, և՛ Մակեդոնիայի որոշ քաղաքական շրջանակներ դատապարտել են Աթենքի և Սկոպյեի համաձայնությունը:

Հույն ազգայնական լիդերների պնդմամբ՝ Մակեդոնիայի նոր անունը միևնույն է կարող է դիտվել որպես տարածքային ոտնձգություն, իսկ մակեդոնացի ազգայնականների համոզմամբ՝ երկրի անվան փոփոխությունը նշանակում է ազգային ինքնության ուրացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG