Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը, հրաժարվում են մեկնաբանել՝ ինչու և ինչ գնով որոշեցին վաճառել իրենց եկամտաբեր՝ տարեկան ավելի քան 200 հազար դոլարի արտադրանք թողարկող փոքր հիդրոկայանը։
Դարբինյաններին էր պատկանում Մարց գետի վրա գործող երեք ՀԷԿ-երից ամենահզորը, մեկ տարի առաջ այն վաճառել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդուն՝ աչաջուրցի 20-ամյա Յուրի Քոքոբելյանին։ Նույն օրն ընկերության տնօրեն է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, որ բնակվել է Ռուսաստանում և Հայաստան է վերադարձել միայն 2018-ի հեղափոխությունից հետո։
Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն «Ազատությանն» ասաց՝ եղբայրն է զբաղվել ՀԷԿ-ի կառավարմամբ, չգիտի՝ ինչո՞ւ է վաճառելու որոշում կայացրել, թեև չհերքեց, որ որպես 50 տոկոսի բաժնետեր ինքն էլ իր համաձայնությունն է տվել։
«Տեղյակ չեմ, իհարկե, իմ համաձայնությունն էլ ա, բայց ինչ ա արել, ոնց ա արել, ինչի ա արել, էդ չգիտեմ», - ասաց Դարբինյանը:
Եղբայրը՝ 10 տարի ՀԷԿ-ի կառավարմամբ զբաղված Սեյրան Դարբինյանն ավելի սակավախոս էր. - «Ոչ մի պատճառ չկա, ինձ պետք էր վաճառել, վաճառել եմ»:
Հեղափոխությունից հետո Վանաձորի նախկին համայնքապետի նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր կային։ Նա մեղադրվում էր իր պաշտոնավարման տարիներին համայնքի տասնյակ տարածքներ հարազատներին ու մերձավորներին ապօրինի վաճառելու համար։ Անցած տարեվերջին քրեական գործն անգամ հասավ դատարան, դատավորն ապացուցված համարեց, որ նախկին համայնքապետը մոտ 60 միլիոն դրամի վնաս է պատճառել Վանաձորին։ Բայց որոշեց կարճել գործն ու Սամվել Դարբինյանին ազատել պատասխանատվությունից հանցագործության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորի քաղաքապետը տարիներ առաջ միանձնյա որոշմամբ 850 քմ տարածք է սեփականաշնորհել որդունՎանաձորի երկարամյա նախկին ղեկավարը, սակայն, անլուրջ է համարում խոսակցությունները, թե ՀԷԿ-ի վաճառքն ու քրեական հետապնդումը դադարեցնելը իրար հետ կապ ունեն։
«Նման բաներ չկան, սաղ անլուրջ խոսակցություններ են, նույնիսկ շատ անլուրջ: Մեկը մյուսի հետ կապ չունեն, ինչ որ ասվում են, անլուրջ խոսակցություններ են», - ընդգծեց Սամվել Դարբինյանը:
Վերջերս Փաստերի ստուգման հարթակը հետաքննել ու պարզել էր, որ վարչապետի եղբայրը Քոքոբելյաններին պատկանող միանգամից 4 ընկերության տնօրեն է։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից այդպես էլ հնարավոր չեղավ պարզել՝ Դարբինյաններն ինչ գնով են վաճառել տարեկան հարյուր հազարավոր դոլարների շահույթ բերող հիդրոկայանը։ Հայտնի չէ նաև՝ ինչպես են կարողացել կադաստրում կազմակերպել առուվաճառքը, երբ ՀԷԿ-ը տարիներով կուտակված մոտ երկու միլիոն դրամի տեղական հարկերի պարտքեր է ունեցել Թումանյան համայնքին։
Համայնքապետարանից վստահեցրին, որ իրենք պարտքի մասին տեղեկանք չեն տվել, ինչը սովորաբար արվում է ցանկացած առուվաճառքի դեպքում. - «Իրանք պայմանագիր ունեն 99 տարով, որը չենք կարա չեղյալ համարենք, մարդիկ օրենքով պայմանագիր են կապել»:
Համայնքապետարանի հետ կնքած պայմանագրով 99 տարով Մարցի հողատարածքների մեծ մասը վարձակալել են, որի դիմաց պետք է տարեկան ընդամենը 14 000 դրամ վճարեին։ Մինչդեռ տարիներով պարտք են կուտակել։ Թումանյանի համայնքապետ Սուրեն Թումանյանն ասաց՝ արդեն վաճառքից հետո ՀԷԿ-ի նախկին տերերի հետ հարցը քննարկել է։ Ասել են՝ պարտքի մասին տեղյակ չեն եղել՝ կվճարեն։
«Հարկադրելու կարիք չկա, մարդիկ ուղղակի անտեղյակ են: Իմիջայլոց են միշտ էլ վերաբերվել յուրաքանչյուրն էլ, ինձ թվում ա, մինչև չես ասում, որ հարկ պետք ա տաս, չեն տալիս: Բայց էսօր եմ զանգահարել իրանց ու չհրաժարվեցին էլի», - ասաց Թումանյանը:
«Ազատության» հարցին՝ տեղյա՞կ է, որ ՀԷԿ-ի տնօերնy Նիկոլ Փաշինյանի հարազատ եղբայրն է, համայնքապետը պատասխանեց. «Չէ, չեմ էլ լսել»:
Ըստ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության տվյալների, միայն 2019-20 թվականներին այս փոքր հիդրոկայանն ավելի քան 200 միլիոն դրամի էլեկտրաէներգիա է վաճառել։ ՀԷԿ-ի պետ ներկայացված Աշխարհիկն «Ազատությանն» ասաց՝ իր աշխատելու 10 տարիներին Մարց գետի ջրերի հաշվին էներգիա ստացող կառույցը երբեք երկարատև դադար չի ունեցել:
Այս եկամտաբեր հիդրոկայանի նախկի՞ն, թե՝ ներկայիս սեփականատերերը կվճարեն համայնքին ունեցած պարտքը, հայտնի չէ։ Պետական ռեգիստից մինչ օրս չեն պատասխանել նաև «Ազատության» հարցմանը՝ գործարքի գնի վերաբերյալ։