Բերձորի և Սուսի անցումն Ադրբեջանին ամրագրված է նոյեմբերի 9-ի համաձայնագրում. քննարկում

Արցախի նախագահների հայտարարությունից էլ հասկացվում է, որ բացի Աղավնոյից երկու բնակավայր միանշանակ պետք է անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, «Ազատության» հետ զրույցում ասաց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը՝ շեշտելով՝ արվում է այն, ինչ գրված է նոյեմբերի 9-ի համաձայնագրում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունը

Համաձայնագրի 6-րդ կետում, ըստ սոցիոլոգի, նշվում է՝ երեք տարվա ընթացքում շրջանցիկ ճանապարհի կառուցում, որի պաշտպանությունը՝ 5կմ անվտանգության գոտով անցնում է ռուսական խաղաղապահ զորքերին, իսկ Լաչինի շրջանը՝ Բերձորի, հանձնվում է Ադրբեջանին մինչև նոյեմբերի 15-ը՝ բացառությամբ ճանապարհի։

«Պատերազմը պարտվել եք պիտի ամբողջությամբ կուլ տաք։ Պատերազմը պարտվել եք նրա պատճառով, որ սխալ ընտրություն եք կատարել 30 տարի՝ վերջակետ», - ասաց Սարգսյանը։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ևս շեշտեց՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրում՝ կետ կա, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհ պետք է կառուցվի։ Քաղաքագետն այստեղ այնուամենայիվ փոքր ինչ լավատեսության հիմքեր տեսնում է՝ նկատելով՝ հայկական կողմը կարող է բանակցություններ վարել, որպեսզի ինչ-ինչ պայմանների դեպքում Աղավնոն մնա հայկական վերահսկողության տակ։

«Արցախի նախագահն էլ նման ակնարկներ հնչեցրեց, բայց այնուամենայիվ, այո՛, դա նորություն չէր մեծ հաշվով, նոյեմբերի 9-ի փաստաթղթում դա հստակ ամրագրված էր։ Հիմա պետք է փորձենք այնպես անել, որ գոնե Աղավնոն մնա և նոր միջանցքը չշրջանցի այդ գյուղը։ Ամեն դեպքում դիվանագիտությունը հնարավորինս է արվել էստեղ, և ես կարծում եմ, որ բանակցությունների միջոցով կարելի է ինչ-որ բան փրկել», - ասաց Վարդանյանը։

Աղավնոյի, Սուսի և Բերձորի ճակատագրի մասին քննարկում սկսվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո, երբ նա հայտնեց, որ Բերձոր-Լաչինը շրջանցող նոր ճանապարհը շահագործելուց հետո ԼՂԻՄ-ի սահմանից դուրս գտնվող գյուղերը՝ Բերձորը, Աղավնոն ու Սուսը անցնելու են Ադրբեջանին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աղավնոյի  համար շարունակելու ենք պայքարել. Արցախի նախագահ
Ավելի ուշ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հայտարարեց, թե Լաչինի շրջանի Աղավնո գյուղի համար շարունակելու են բանակցել ու պայքարել՝ բանակցություններից մանրամասներ չներկայացնելով՝ ուղի՞ղ են բանակցում, թե՞ միջնորդների միջոցով։

Խոսելով Բերձորի ճակատագրից՝ Հարությունյանն ասաց, որ պետք է Բերձոր քաղաքից դուրս գան։ «Ինչ վերաբերում է Սուս գյուղում, այնտեղ մենք այս փուլում համարյա բնակիչ չունենք։ Իսկ նաև ես ինչքան գիտեմ, մեր սոցիալական այդ ծրագրերի շրջանակներում Բերձոր քաղաքի և Սուս բնակավայրի քաղաքացիները ստացել են իրենց փոխհատուցումները», - ասաց Արցախի նախագահը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․