Իշխան Սաղաթելյանն իրեն Ազգային ժողովի փոխխոսնակի, իսկ ընդդիմադիր գործընկերոջ՝ Վահե Հակոբյանին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից հեռացնելը քաղաքական հետապնդում է համարում, իսկ իշխանականների հիմնավորումները՝ ծիծաղելի։
«Այստեղ գալուց առաջ տեսա այն հիմնավորման տեքստը, որ Ազգային ժողովում կարդում էին, իմ մոտ տպավորություն էր, որ դատախազությունում, ինչ-որ քննչական մարմնում այս ընթացքում տեքստ են պատրաստել՝ ինձ անձեռնմխելությունից զրկելու, հետո ուզել են, դրել են այդ հիմնավորման մեջ, կամ դատարանի դահլիճում էի: Բացառապես քաղաքական հետապնդում է», - նշեց Սաղաթելյանը:
Ընդդիմադիր պատգամավորը չի ընդունում, որ ինքը որպես ԱԺ փոխնախագահ խորհրդարանում չի ապահովել համերաշխություն կամ ատելության խոսք է տարածել։
«Ատելության խոսքի մարմնավորումը Նիկոլ Փաշինյանն է և իր թիմը: Հիշեք՝ էդ մարդը ասել է՝ ընդդիմության թաթիկները կկտրեմ, ծնոտը կջարդեմ, կփռեմ ասֆալստին, մուրճը ձեռքին ընտրարշավ է անցկացրել», - ընդգծեց Իշխան Սաղաթելյանը:
Իրեն պաշտոնազրկելու նիստի ժամանակ Սաղաթելյանն «Ազատության» տաղավարում էր։ Խորհրդարանի փոխնախագահի պաշտոնից հեռացվելու լուրը ստանալուց հետո նա հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունն ինքնակամ կհրաժարվի Ազգային ժողովում զբաղեցված մյուս պաշտոններից ևս։
Այս հայտարարությունից շատ չանցած՝ «Հայաստան» խմբակցությունից Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արթուր Խաչատրյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Թադևոս Ավետիսյանը հայտնեցին իրենց հրաժարականների մասին։ Մյուս ընդդիմադիր խմբակցությունից՝ «Պատիվ ունեմից» էլ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանն է պաշտոնից հեռանալու մասին հայտնել։
Ավելի վաղ երկու խմբակցությունները միասին հայտարարություն էին տարածել Սաղաթելյանին ու Հակոբյանին պաշտոնազրկելու մասին. - «Այս վարքագծով օրվա իշխանությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ իրենք մտահոգված են բացառապես պաշտոններով, զբաղված՝ հետապնդումներով, զուրկ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու որևէ հնարավորությունից, չունեն լեգիտիմություն, չեն ներկայացնում Հայաստանի ու Արցախի շահերը, իսկ այս պայմաններում հեռացումն անխուսափելի է»։
Հայտնի չէ՝ արդյոք «Պատիվ ունեմ»-ից մյուս անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը պատրաստվո՞ւմ է հրաժարական ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից, թե՝ ոչ։ Նա մեր զանգերն անպատասխան է թողնում։
Ընդդիմադիր 2 խմբակցություններին խորհրդարանի 1 փոխնախագահի, 12 հանձնաժողովներից 3-ի նախագահի և 3 փոխնախագահի պաշտոն է հատկացված։
ԱԺ արդեն նախկին փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն այսօր «Ազատության» տաղավարում շեշտեց՝ իրենք չեն քննարկում պատգամավորական մանդատներից հրաժարվելու հարցը։
«Ոչ, չենք քննարկում, որովհետև ասել ենք, որ այդ մանդատը քանի դեռ ծառայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, շարունակելու ենք պահել: Եթե մի օր հասկանանք, որ դա այլևս այդ նպատակին չի ծառայում կամ արդյունավետ չի, այդ մանդատը պահելը երբեք ինքնանպատակ չի», - ընդգծեց Սաղաթելյանը
Նույն ընթացքում, երբ Ազգային ժողովում քննարկվում էր ընդդիմադիրներին պաշտոնից հեռացնելու հարցը, մի խումբ ընդդիմադիրներ հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելու իշխանության քայլերի դեմ։
Ազգային ժողովի շենքը մեծ թվով ոստիկաններ էին հսկում, փակվել էր Դեմիրճյան փողոցը։
Հավաքի մասնակիցները հայտարարեցին, որ իրենք հավաքվել են ոչ թե խորհրդարանում քննարկվող հարցին անդրադառնալու, այլ որպեսզի արձանագրեն՝ իրենց ու իշխող ուժի օրակարգերը տարբեր են։