Խորհրդարանը Սաղաթելյանին և Հակոբյանին հեռացրեց պաշտոններից

Ազգային ժողովն այսօր, փակ-գաղտնի քվեարկությամբ, Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և դադարեցրեց Վահե Հակոբյանի լիազորությունները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

«107 պատգամավորներից քվեարկություններին մասնակցել են 66-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ Իշխան Սաղաթելյանին հետ կանչելու՝ կողմ 66, դեմ 0, Վահե Հակոբյանին պաշտոնից ազատելու՝ կողմ 66, դեմ 0», -հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազգային ժողովը քննարկում է Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու հարցը

Նախքան քվեարկությունը հիմնական զեկուցող, իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրեց, որ 2021 թվականի օգոստոսից առ այսօր գումարվել է թվով 25 նիստ, 25 նիստերից Սաղաթելյանը միայն 7-ին է ներկա եղել՝ բացակայելով նաև Ազգային ժողովի խորհրդի18 նիստերից։

Այսպիսով, ըստ Ջուլհակյանի, հաճախակի բացակայությունների պատճառով Սաղաթելյանը չի կատարել իր անմիջական պարտականությունները։

Հակոբյանի հարցով հիմնական զեկուցող Ծովինար Վարդանյանն էլ նկատեց՝ Ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից Հակոբյանը չի մասնակցել 194-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման ընթացքում հրավիրված խորհրդի 25 նիստերից բացակայել է 20 անգամ, խորհրդարանն 8-րդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։

ԱԺ 8-րդ գումարման ընթացքում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է 27 հերթական և արտահերթ նիստեր, Հակոբյանը նիստերի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել, չի նախագահել թվով 11 նիստ, վերոնշյալ նիստերի օրակարգերն ու արձանագրությունները չի ստորագրել, չի ստորագրել նաև հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած օրենքի նախագծերը և մի շարք այլ փաստաթղթեր, տեղեկացրեց Վարդանյանը։

Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը նիստին ներկա չեն։

Ավելի ուշ, «Ազատության» հետ զրույցում, Սաղաթելյանը ԱԺ որոշումը քաղաքական հետապնդում որակեց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունն ԱԺ-ում կհրաժարվի վարչական մյուս պաշտոններից, թեկնածու չի առաջադրի․ Սաղաթելյան