Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը քննարկում է Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու հարցը


Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու, իսկ Վահե Հակոբյանի՝ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ լիազորությունները դադարեցնելու հարցերը։

2021 թվականի օգոստոսից առ այսօր գումարվել է թվով 25 նիստ, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց հիմնական զեկուցող, իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ շեշտելով 25 նիստերից Սաղաթելյանը միայն 7-ին է ներկա եղել՝ բացակայելով նաև Ազգային ժողովի խորհրդի18 նիստերից։

Այսպիսով, ըստ Ջուլհակյանի, հաճախակի բացակայությունների պատճառով Սաղաթելյանը չի կատարել իր անմիջական պարտականությունները։

Հակոբյանի հարցով հիմնական զեկուցող Ծովինար Վարդանյանն էլ նկատեց՝ Ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից Հակոբյանը չի մասնակցել 194-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման ընթացքում հրավիրված խորհրդի 25 նիստերից բացակայել է 20 անգամ, խորհրդարանն 8-րդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։

ԱԺ 8-րդ գումարման ընթացքում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է 27 հերթական և արտահերթ նիստեր, Հակոբյանը նիստերի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել, չի նախագահել թվով 11 նիստ, վերոնշյալ նիստերի օրակարգերն ու արձանագրությունները չի ստորագրել, չի ստորագրել նաև հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած օրենքի նախագծերը և մի շարք այլ փաստաթղթեր, տեղեկացրեց Վարդանյանը։

Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը նիստին ներկա չեն։

Քվեարկությունները փակ-գաղտնի ընթացակարգով են։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ չէր բացառել, որ եթե ընդդիմությունն ազատ մնացած պաշտոններում նոր թեկնածուներ առաջադրի, հնարավոր է ընտրեն։

Նիստին զուգահեռ ընդդիմադիրներն Ազգային ժողովի շենքի մոտ հանրահավաք են անցկացնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG