Ադրբեջանցիները բացառում են Ղարաբաղի որևէ կարգավիճակ. Բենիամին Պողոսյան

«Ազատությունը» տեսակապով զրուցել է քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ: Նա այժմ Վրաստանում է, մասնակցում է քննարկման, որի մասին Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր գրել է. «Անհամբերությամբ սպասում ենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ խաղաղ Հարավային Կովկասի սցենարների շուրջ քննարկմանը»:

«Ազատություն». - Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ ձևաչափի մասին է խոսքը: Հայտնի է, որ նաև ադրբեջանցիներ են մասնակցում այդ քննարկմանը:

Բենիամին Պողոսյան. - Այո, քննարկումը կազմակերպել է Եվրամիությունը, հրավիրվել են Հայաստանից և Ադրբեջանցից փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, կան նաև ԵՄ-ից ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ մոտ 4 տասնյակ մարդ: Կոչվում է Հարավային Կովկասի ապագա սցենարներ, սակայն քննարկումները միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ են, հեռանկարների վերաբերյալ` մի քանի թեմատիկ ուղղություններով` տրանսպորտային ապաշրջափակում, կառավարում, անվտանգություն, մշակույթ և ինքնություն:

«Ազատություն». - Ընդհանուր առմամբ մթնոլորտը ինչպե՞ս կգնահատեք. պատերազմից շատ չի անցել:

Բենիամին Պողոսյան. - Ընդհանուր առմամբ մթնոլորտը ես կասեի` կառուցական է, սակայն հասկանալի է, որ շատ հարցերի շուրջ մեր և մեր ադրբեջանցի գործընկերների դիրքորոշումը էականորեն տարբերվում է, որոշ դեպքերում ընդհանրապես, այսպես ասենք, համընկնման եզրեր չկան:

Եթե մի քանի հիմնական ուղերձներ փոխանցեմ, այն, ինչ մենք լսեցինք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից և փորձագետներից, մի քանի հիմնական թեկա առանձնացնեմ: Արցախի վերաբերյալ բոլորի մոտ կա դիրքորոշում, որ Ադրբեջանը երբեք չի քննարկի Արցախին որևէ ինքնավարություն տալու կարգավիճակ, նույնիսկ ամենաաննշան մշակութային ինքնավարություն: Այստեղ ասում են, որ դա ուղղակի բացառված է, դրա հավանականությունը զրո է, որ Ադրբեջանի իշխանությունները կհամաձայնեն թեկուզ շատ աննշան որևէ ինքնավարություն տրամադրել Արցախին, նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո ձևավորված սահմաններով: Սա առաջին բանն է:

Տարբեր պատճառաբանություններ կան, մի մասն ասում է, որ դա անել չեն կարող, որովհետև նման դեպքում մյուս փոքրամասնությունները Ադրբեջանում ապրող իրենք էլ ինքնավարության պահանջ կդնեն` հայտարարելով, որ եթե հայերին տալիս եք ինքնավարություն, ինչո՞ւ մեզ չեք տալիս: Մի մասն ասում է, որ եթե մենք ինքնավարություն տանք, ապա դա կնշանակի, որ փաստացի նախագահ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 10-ին իր ժողովրդին ողջ ճշմարտությունը չի ասել, քանի որ Ալիևը 2020-ի նոյեմբերի 10-ին հայտարարել է, որ ամեն ինչ վերջացած է, Ղարաբաղ չկա, Հայաստանը ջախջախված է, և հետևաբար դրանից հետո ասել, որ մենք Ղարաբաղին ինքնավարություն ենք տալիս, նշանակում է ընդունել, որ ինքը, այսպես ասենք, չի ասել ողջ ճշմարտությունն ադրբեջանական ժողովրդին:

Այլ պարզաբանումներ էլ են բերվում, սակայն հիմնական մեխը նա է, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնվի Արցախին տալ նույնիսկ ամենափոքր իսկ ինքնավարություն, թեկուզ մշակութային աննշան ինքնավարություն: Մեր ադրբեջանցի գործընկերներն ասում են, որ դա ուղղակի բացառված է:

«Ազատություն». - Պարո՛ն Պողոսյան, ենթադրաբար դուք այս առիթով բերե՞լ եք փաստարկները, որ այս մթնոլորտում հայերի և ադրբեջանցիների համակեցությունը, գոնե առաջիկա ժամանակաշրջանում հնարավոր չէ: Այս առիթով ի՞նչ են ասում նրանք:

Բենիամին Պողոսյան. - Իհարկե, բնականաբար, մենք ասում ենք, որ այն, ինչ դուք ասում եք, տրամաբանությունից դուրս է, սակայն երևի 2020 թվականի պատերազմն ադրբեջանցիներին լուրջ վստահություն է տվել: Իրենք ասում են` մենք երբեք կարգավիճակ չենք տա, եթե դուք շարունակեք պնդել, որ կարգավիճակ անհրաժեշտ է, նույնիսկ եթե համաձայնվեք, որ Արցախը պետք է լինի ինքնավարություն Ադրբեջանի կազմում, բայց պետք է ունենա կարգավիճակ, ադրբեջանցիներն ասում են` շատ լավ, այդ դեպքում մենք շատ արագ քայլերով կմոտենանք երրորդ արցախյան պատերազմին, և ինչպես ասում են` եթե 2020թ.-ին կարողացանք ձեզ ջախջախել, ապա այժմ ունենալով շատ ավելի լավ դիրքեր` իրենք ասում են` մենք երրորդ արցախյան պատերազմից չենք վախենում, որովհետև երրորդ արցախյան պատերազմը … Արցախի, գուցե նաև Հայաստանի էլ ավելի մեծ ջախջախմամբ: Եվ դա հետաքրքիր է, բայց մարդկանց տրամաբանությունն այդպիսին է, որ կամ դուք ընդունեք մեր պահանջները, կամ կլինի երրորդ արցախյան պատերազմ մեզ համար շատ ավելի վատ արդյունքներով, նույնիսկ որոշ գործընկերներ էլ կան, որ ասում են` եթե դուք հիմա չմոռանաք Լեռնային Ղարաբաղի մասին, դուք ասելով նկատի ունեն Հայաստանի Հանրապետությունը, ապա նրանք ասում են, որ մի քանի տարի հետո արդեն կլինեն Հայաստան-Ադրբեջան բանակցություններ Սյունիքում և Գեղարքունիքում հայերին մշակութային ինքնավարություն տալու վերաբերյալ: