Առնվազն 13 մարդ է զոհվել, ևս 50-ը՝ վիրավորվել երեկ կեսօրին Ուկրաինայի Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքի հրթիռակոծության հետևանքով, հայտնել է տեղի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Լունինը։ Հարձակումը, ըստ ուկրաինական իշխանությունների, իրականացվել է ռուս զինվորականների կողմից։ Հրթիռն ընկել է Amstor առևտրի կենտրոնի վրա, որը հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է։
Կրեմենչուգի քաղաքապետ Վիտալի Մալեցկին գրել է, որ հարվածը հասցվել է «շատ մարդաշատ վայրի, որը 100 տոկոսով կապ չունի ռազմական գործողությունների հետ»։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը պնդում է, որ հրթիռներն օդ են բարձրացել Կալուգայի շրջանի Շայկովկա օդանավակայանից։
Ականատեսները պատմել են, որ առևտրի կենտրոնի տանիքը փլուզվել է, իսկ քամին ուժեղացրել է հրդեհը։
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել Կրեմենչուգում քաղաքացիական օբյեկտների հրթիռակոծությունների վերաբերյալ՝ խոստանալով բացահայտել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին պատերազմական հանցագործության համար։
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը հայտնել է, որ երկուշաբթի օրը Կրեմենչուգին երկու հրթիռ է հարվածել, մեկը՝ առևտրի կենտրոնի տանիքին, մյուսը՝ քաղաքային մարզադաշտին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի հրթիռային հարձակումը Կրեմենչուգի մարդաշատ առևտրի կենտրոնի վրա ցույց է տալիս Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի դաժանության և բարբարոսության խորությունը:
«Պուտինը պետք է հասկանա, որ իր վարքագիծը կամրապնդի Մեծ Բրիտանիայի և Մեծ յոթնյակի ցանկացած այլ երկրի վճռականությունը՝ աջակցելու Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի», - ասել է Ջոնսոնը:
Կրեմլը դեռևս չի մեկնաբանել Կրեմենչուգի առևտրի կենտրոնի հրթիռակոծությունը։ Սակայն տեղի ունեցածը մեկնաբանել է է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ որակելով այն որպես ուկրաինական կողմի «հերթական սադրանք»:
«Այնպիսի տպավորություն է, թե գործ ունենք Բուչայի ոճով ուկրաինական նոր սադրանքի հետ: Պետք է սպասել մեր Պաշտպանության նախարարության հայտարարությանը, բայց արդեն չափազանց շատ ակնհայտ անհամապատասխանություններ կան», - Twitter-ում գրել է դիվանագետը, հավելելով՝ Կիևի ռեժիմը նման ձևով ուզում է Արևմուտքի ուշադրությունը սևեռել Ուկրաինայի վրա մինչև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: