Ադրբեջանը չեղարկել է այսօր նախատեսված Գրիգորյան-Հաջիև հանդիպումը. Փաշինյան (լրացված)

21։52

Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը, ասաց վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործման դեպքում Բերձոր, Աղավնո և Սուս գյուղերն անցնելո՞ւ են Ադրբեջանին։

«Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք, բնակիչները, բնականաբար, պետք է ապահովվեն բնակարաններով։

Ըստ էության, Լաչինում այսօր, նաև Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք, ընտանիքներ չեն ապրում, Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն, Սուսի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, այս պահին տեղեկություններ չունեմ», - հավելեց Նիկոլ Փաշինյանը։

21։21

Թուրքիայից հնչող «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը շատ ուղիղ խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Չեմ կարծում, թե հայ-թուրքական բանակցություններն այս պայմաններում հեռանկար ունեն»․ Դավիթ Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Թուրքիայից անընդհատ հնչող որոշ հայտարարություններ, ինչպես օրինակ՝ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, շատ ուղիղ խոչընդոտում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, բացասական ֆոն են ստեղծում, սակայն սա չի նշանակում, որ այդ հայտարարություններից հետո դադարեցնելու են բանակցությունների պրոցեսը։

«Աշխատում ենք տրամաբանությամբ, որ կա հնարավորություն, և մենք անկեղծորեն պետք է ամեն ինչ անենք, հակառակ դեպքում իմաստ չէր ունենա խոսակցությունը»:

21։19

«Քանի դեռ ունենք պահվող գերի, թեկուզ մեկ հոգի, մեր ջանքերը չեն կարող արդյունավետ համարվել»

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ գերիների վերադարձի շուրջ քննարկումները շարունակվում են, այդ հարցը բարձրացնում են ոչ միայն աշխատանքային, այլև հրապարակային քննարկումներում. «Փորձում ենք հնարավորինս արդյունավետ դարձնել այդ ուղղությամբ մեր իրագործվող ջանքերը, քանի դեռ ունենք պահվող գերի, թեկուզ մեկ հոգի, մեր ջանքերը չեն կարող արդյունավետ համարվել», - նշեց նա։

Վարչապետն ասաց՝ այսօր հաստատված գերիների 90 և ավելի տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո՝ նրանց պատասխանատվության գոտում։ Հավելեց, որ և՛ հայկական կողմը, և՛ Ռուսաստանն ու միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն՝ ապահովելու գերիների հայրենադարձումը։

20։58

«Բաքուն նոր պատերազմի լեգիտիմություն է ուզում ձևավորել»

Հայաստանը վերին աստիճանի շահագրգռված է, իսկ Ադրբեջանը փորձում է հարցը լուծել այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ, ինչը չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից, վստահեցնում է Հայաստանի ղեկավարը՝ խոսելով տարածաշրջանի ապաշրջափակման մասին։ Ըստ նրա՝ Բաքուն նոր պատերազմի լեգիտիմություն է ուզում ձևավորել, այդ պատճառով էլ հրաժարվում է գնալ խոսակցության՝ հրապարակային մեղադրելով Հայաստանին խոսակցությունից հրաժարվելու մեջ, իսկ եթե դա չէ գործողությունների վեկտորը, այդ դեպքում երկու երկրները բոլոր աշխատանքներում կկարողանան լուծումների գնալ, պնդեց Փաշինյանը։

«Ադրբեջանի և մեր բոլորիս իրավական պարտավորությունն է հասնել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացմանը, և մենք բազմիցս ենք հայտարարել՝ հետաքրքրված ենք այդ գործով», - նշեց նա։

Խոսելով Ադրբեջանի նախագահ Ալիևի այն հայտարարության մասին, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները պիտի գործեն այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ Լաչինի միջանցքը, հիշեցրեց՝ նախկինում էլ ասել է՝ դա հայկական կողմի համար անընդունելի է։ Շեշտեց՝ եռակողմ հայտարարության մեջ հստակ է՝ այնտեղ կա մեկ միջանցքի հիշատակում՝ Լաչինի միջանցքն է, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։

Փաշինյանը հավելեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումների աղաղակող դեպքեր կան ադրբեջանական կողմից, օրինակ բերեց այն, որ Բաքուն շարունակում է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղ չկա, սակայն հիշեցրեց՝ հենց նույն հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղ անունը երեք անգամ օգտագործված է, նաև բնորոշված է ՌԴ խաղաղապահների տեղակայման գոտու տրամաբանության մեջ։

«Եվ արձանագրված է, որ գերիները, ռազմագերները, պատանդները, պահվող այլ անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, ունենք գերիներ, ովքեր նոյեմբերի 9-ից առաջ են հայտնվել գերության մեջ, կան նաև հետո, բայց նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չի ասվում, որ չի վերաբերում նաև հետոյին», - նշեց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական կողմն ընդունել է, որ իր պարտավորությունը չի կատարել. նախագահը` Փառուխի միջադեպի մասին

Եռակողմ հայտարարության խախտում է նաև Փառուխի միջադեպը, որովհետև, ինչպես նկատեց վարչապետը, Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի և մինչև այժմ շարունակում են մնալ այնտեղ։

«Մենք շարունակաբար բարձրաձայնում ենք այդ հարցը, որ հենց ռուս խաղաղապահների պատասխանատվությունն է՝ միջոցներ ձեռնարկել ապահովելու ադրբեջանական ստորաբաժումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց», - հավելեց նա։

Դրությունը Լեռնային Ղարաբաղում կրկին սրվել էր ամիսներ առաջ՝ մարտի վերջին, երբ ադրբեջանական զինուժը խախտել էր շփման գիծը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ, հայկական կողմը զոհեր տվեց։ Մոսկվան և Բաքուն միմյանց էին մեղադրում, Ռուսաստանը ադրբեջանական կողմին կոչ էր անում հետ քաշել զորքերը, Ադրբեջանը հակադարձում էր` «ափսոսանք» հայտնելով, թե ռուսական զինվորական գերատեսչության հայտարարությունը «միակողմանի է» և «իրականությանը չի համապատասխանում»:

Օրեր անց Մոսկվան հաղորդեց, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը ստորաբաժանումները դուրս է բերել Փառուխի տարածքից։ Մինչդեռ, ըստ հայկական կողմի, Ադրբեջանի զինուժը պահպանում է Քարագլուխ լեռան հիմնական մասի վերահսկղությունը։

20։37

Բաքուն դեռ չի արձագանքել Երևանի առաջարկին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում կայացել է Հայաստանի ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը

Ադրբեջանական կողմը չեղարկել է այսօր Բրյուսելում նախատեսված Գրիգորյան-Հաջիև հանդիպումը։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջև հանդիպումներ ավելի վաղ եղել են։

«Շատ տարօրինակ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որ փորձում են ցույց տալ, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները և հետագա ընթացքը։ Այդ հայտարարություններից հետո ՀՀ ԱԳՆ-ից առաջարկ է գնացել Ադրբեջանի ԱԳՆ, որ տեղի ունենա նախարարների հանդիպում։

Նախորդ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաներ իրար հետ կապի մեջ պետք է լինեն, բայց Ադրբեջանն արդեն առնվազն մեկ այդպիսի դեպք ունենք, որ բոյկոտել է աշխատանքը, չի ներգրավվել ի հեճուկս պայմանավորվածությունների, և նախորդ օրվա ԱԳՆ-ի հնչած առաջարկին պատասխան չի ստացվել», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա ասաց՝ սեղանի վրա հրապարակվածից բացի, այլ փաստաթուղթ հայ-ադրբեջանական խոսակցության սեղանին չկա։

20։26

«Եթե խնդիրը բոյկոտն է, բոյկոտելու պատճառ միշտ էլ կգտնվի»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարում քննարկումը իր ասուլիսի ձևաչափի ու այն բոյկոտելու մասին։ Այսօրվա առցանց ասուլիսի ժամանակ նշեց՝ եթե լրատվամիջոցներն ուզում են ասուլիս, առեսրես շփում, կարող են դիմել կառավարության լրատվական ծառայությանը և բացատրեն՝ ինչն է իրենց խնդիրը։ Այդ դեպքում, ըստ Փաշինյանի, կառավարության լրատվական ծառայությունը կքննարկի և ԶԼՄ-ներին կպատասխանի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լրատվամիջոցները խնդրահարույց են համարում վարչապետի ասուլիսի ձևաչափը, մի քանիսը բոյկոտում են

Մի խումբ լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանը ավելի վաղ դատապարտել էին վարչապետի առցանց ասուլիսի ձևաչափը։ Վերջին երկու տարվա ընթացքում Փաշինյանն արդեն չորրորդ ասուլիսն է անցկացնում այս ֆորմատով։

Լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերը վարչապետի աշխատակազմը խնդրում է ուղարկել նախապես, ինչից հետո դրանք խմբավորվում են, երբեմն խմբագրվում, և մեկնաբանն ընթերցում է ուղիղ եթերում։ Լրատվամիջոցները ոչ միայն զրկվում են հարցերն ուղիղ տալու, այլ նաև պատասխաններին արձագանքելու հնարավորությունից։

«Ազատությունը» հետաքրքրվել էր՝ արդյոք իր համար ընտրված «կոմֆորտ» ասուլիսի ֆորմատը չի՞ համարում հակաժողովրդավարական և արդյոք պատրաստվո՞ւմ է վերադառնալ ազատ շփման տարբերակին։

«Ասուլիսը նպատակ չի, հանրության շփվելու միջոց է, և մենք ուղիղ եթերում շփվում ենք հանրության հետ», - նշեց նա՝ ըստ էության, չպատասխանելով՝ կվերադառնա՞ ազատ շփման տարբերակին, թե՞ ոչ։

30-ից ավելի լրատվամիջոցներ էլ առանձին հայտարարությամբ ընդհանրապես բոյկոտել են այսօրվա ասուլիսը և ոչ մի հարց չեն ուղարկել վարչապետի աշխատակազմ։

«Որքանով տեղյակ եմ, բոյկոտել են այն լրատվամիջոցները, որոնք ներկայացնում են այն քաղաքական շրջանակներին, որոնք վերջին շրջանում բոյկոտային լայն գործունեություն են ծավալել։ Եթե խնդիրը բոյկոտն է, բոյկոտելու պատճառ միշտ էլ կգտնվի։ Այդ լրատվամիջոցների քաղաքական լիդերները խորհրդարանական ընտրություններում բոյկոտեցին ուղիղ եթերում բանավիճելու հնարավորությունը։ Ես չտեսա այն նույն լրատվամիջոցների դատապարտող հայտարարությունները», - հավելեց Նիկոլ Փաշինյանը։