Միրզոյանը հուսով է, որ Բաքուն կդադարեցնի առավելապաշտական նկրտումները և ավելի կառուցողական դիրքորոշում կցուցաբերի

Հրադադարից ավելի քան մեկուկես տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունները, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր հույն գործընկեր Նիկոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսին։

Նա շեշտել է՝ ռազմատենչ, առավելապաշտական հռետորաբանությունը ադրբեջանական ղեկավարության ամենօրյա խոսույթի անբաժանելի մասն են դարձել։

Արտգործնախարարը նշել է, որ խախտելով միջազգային հումանիտար իրավունքը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված:

Արարատ Միրզոյանը կոչ է արել բոլոր քաղաքակիրթ երկրներին նպաստել ու պնդել, որ Բաքուն վերադարձնի հայ գերիներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Մենք իսկապես ձգտում ենք կառուցել խաղաղ, անվտանգ և կայուն Հարավային Կովկաս և հուսով ենք, որ մեր հարևանը կդադարեցնի իր առավելապաշտական նկրտումները և ավելի կառուցողական դիրքորոշում կցուցաբերի բոլոր հարցերում», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Միրզոյանը Հունաստանում է աշխատանքային այցով, հանդիպել է նաև երկրի վարչապետի ու նախագահի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը հորդորել է հայկական կողմին՝ «ժամանակ չձգել» սահմանազատման հարցում