Reuters գործակալության փոխանցմամբ, աշխարհի առավել զարգացած յոթ պետությունները, Գերմանիայում ընթացող գագաթաժողովի շրջանակներում, պատրաստվում են Մոսկվայի դեմ համակարգված ճնշման նոր միջոցներ մշակել։ Այս մասին համաժողովին հավատարմագրված լրագրողներին հայտնել է ամերիկյան պատվիրակության բարձրաստիճան անդամներից մեկը։
«Խոսքը, մասնավորաբար, Ռուսաստանից ներկրվող նավթի առավելագույն գնի սահմանման մասին է», - հաղորդում են Reuters-ի աղբյուրները՝ ընդգծելով, որ նման քայլը կարող է զգալիորեն սահմափակել այն ֆինանսական միջոցները, որ Ռուսաստանի կառավարությունը ծախսում է Ուկրաինայի դեմ պատերազմ վարելու համար։
Սպիտակ տան հայտարարության համաձայն, աշխարհի առավել զարգացած յոթ պետությունները մտադիր են նաև սահմանափակել Ռուսաստանում արդյունահանված ոսկու ներկրումը։
«Հարկ է նկատել, որ ոսկին ռուսական բյուջեի ամենաշահութաբեր հոդվածն է, էներգակիրների արտահանումից հետո», - նշված է ամերիկյան կողմի հայտարարության մեջ։