Հայաստան-Արցախ միջպետական հարաբերությունները խարխլված են, այսօր Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին հայտարարեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Ըստ նրա` Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվանում են Արցախից:
Սաղաթելյանը հիշեցրեց, որ օրեր առաջ եղել են Արցախում, և այնտեղի գործընկերների հետ պայմանավորվել են` առաջիկայում շարժման համակարգող խորհուրդներ կձևավորվեն Արցախում ևս:
«Ադրբեջանի իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն անընդունելի է հայ ժողովրդի կողմից և առոչինչ»,- նշեց նա իր ելույթում:
Պատգամավորը մանիպուլյացիա որակեց լուրերը, թե իրենք վերադառնալու են խորհրդարան, և որ պահանջը մինչև վերջ չեն տանում. «Այն, ինչ այս հրապարակում ձեզ հետ պայմանավորվել ենք, դրանից հետքայլ չկա: Մենք խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով` Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերն են և այս դավաճանին հեռացնելու օրակարգը», - հավելեց նա:
Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո մեկնարկեց ընդդիմության երթը:
Տեղում էր նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր գործընկերներից օրինակ` Հայկ Մամիջանյանը գործուղման է, և խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի` մանդատը վայր դնելու որոշումը կապ չունի իրենց որոշման հետ` ՀՀԿ-ի ներկայացուցիչները շարունակում են մասնակցել հանրահավաքներին: Աբրահամյանի խոսքով` մարտավարության առումով տարակարծություններ չունեն, և իրենց պայքարը շարունակվում է: Նրանք ևս նախօրեին «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ եղել են Արցախում:
Ֆրանսիայի հրապարակից տասն օր առաջ վրանները հավաքելուց հետո ընդդիմադիրներն այժմ ամենշաբաթյա հանրահավաքներ են անցկացնում: