Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը պատրաստվում է մինչև տարեվերջ հաստատել Մայր օրենքի նոր հայեցակարգը։ Իսկ մինչ այդ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները սկսել են մարզային այցեր՝ լսելու, թե Սահմանադրության ինչ փոփոխություններ են ակնկալում շրջաններում։
Պառլամենտակա՞ն, նախագահակա՞ն, թե՞ կիսանախագահական. կառավարման ի՞նչ մոդել է պետք Հայաստանին։ Այս հարցի շուրջ այսօր Գյումրիում կազմակերպված քննարկման մասնակիցները հիմնականում ընդգծում էին՝ կարևորը, որ երկրի ղեկավարը բռնապետ դառնալու հնարավորություն չունենա։
«Իմ կարծիքով, ոչ թե կառավարման ձևն է կարևոր։ Պարզապես հարկավոր է, որպեսզի Սահմանադրությունը ճիշտ ներկայացնի օրենսդիր և գործադիր իշխանությունները հավասարակշռելու գործընթացը։ Որովհետև մի դեպքում կարող է նախագահականի կամ կիսանախագահականի դեպքում դառնա միապետ երկրի ղեկավարը, մյուս դեպքում՝ խորհրդարանական կառավարման դեպքում, վարչապետը կարող է դառնալ միապետ՝ եթե Սահմանադրությունը գրվում է էնպես, ինչպես երևի գրված է հիմա կամ դրանից առաջ նախագահականի դեպքում։ Պարզապես ոչ թե կառավարման ձևի վրա է հարկավոր շատ ուշադրություն դարձնել, այլ բովանդակության։ Այնպես պետք է գրվի Սահմանադրությունը, որ ոչ ոք չկարողանա դառնալ միանձնյա ղեկավար», - ասաց Գյումրիի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Մարգարյանը։
Գյումրիի ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը առաջարկությունների մի ամբողջ փաթեթ էր բերել: Նրա կարծիքով, պետք է բացառվի իշխանության զավթումը. - «Պետք է իշխանության ճյուղերի հակակշռման կամ տարանջատման այնպիսի հակաշռում, որը թույլ չտա որևէ իշխանության ճյուղի դառնալ զավթիչ։ Իսկ իշխանության զավթումը բերում է պետության զավթման։ Դրանք նույն բաները չեն, բայց լրջորեն փոխկապակցված են։ Այսինքն հանձնաժողովի անդամները, ովքեր պիտի գրեն Սահմանադրությունը, էս սկզբունքը պարտադիր պիտի հաշվի առնեն։ Սա որևի ամենակարևոր սկզբունքն է»։
Ախուրյան համայնքի ավագանիներից Մարտիկ Մաթոսյանի կարծիքով, վարչապետի լիազորությունների հարցում պետք է ռիսկերը գնահատվեն. - «Վարչապետի լիազորությունները իջեցնելու համար պետք է հստակ ներկայացնենք ռիսկերը։ Ես տենց եմ պատկերացնում։ Այսինքն՝ ինչ ռիսկեր կա, երբ որ վարչապետի լիազորությունները շատ են, ու արդյունքում ինչ ռիսկեր ենք մեղմացնում, երբ որ քչացնում ենք էդ լիազորությունները»։
Մասնագիտական հանձնաժողովի անդամներից Լուսինե Հակոբյանի խոսքով, հանրային ընկալման հարցում մեծ անելիք կա, քանի որ մինչև հիմա ընտրողն այդպես էլ չի կարևորել Սահմանադրությունը. - «Քանի որ մարդիկ առնվազն վերջին երկու փոփոխությունները, իմ նախկին դիտորդական փորձից ելնելով, իրենք չեն քվեարկել փոփոխությունների օգտին, էդ պատճառով չունեն սեփականատիրության զգացում Մայր օրենքի նկատմամբ, և իսկապես խնդիր է, որ մեկ անգամ մարդիկ գնան ու իսկապես տեր կանգնեն Սահմանադրությանը»։
Լևոն Բասեղյանն այնքան էլ լավատես չէ, որ Սահմանադրության հերթական փոփոխությունը կլուծի առկա խնդիրները. - «Այս իշխանությունը շատ հույսերի չի թողել, թե պատրաստ է որակյալ բարեփոխումների։ Ձևական կամ կոսմետիկ բարեփոխումներ կարող է անել, բայց էն բոլոր խնդիրները, որոնց ես անդրադարձա իմ ելույթում, դրանց նկատմամբ որակյալ ուշադրությանը շատ կասկածում եմ։ Եթե որակյալ անդրադարձ կատարվեց, կասեմ, որ այո, սխալվում էի, կարողացան վերջապես Հայաստանի տարածքային խտրականության վերացումը ամրագրել Սահմանադրության մեջ»։