Մատչելիության հղումներ

Իշխանություն պետք է ձևավորեն այն հայերը, որոնք ապրում են Հայաստանում. Դանիել Իոաննիսյան


Իշխանություն պետք է ձևավորեն այն հայերը, որոնք ապրում են Հայաստանում, կարծում է սահմանադրական փոփոխությունների արդեն լուծարված հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը, որը պատրաստվում է մասնակցել նաև նոր ձևավորվող խորհրդի աշխատանքներին։

Նախագահ Արմեն Սարգսյանն էր իր ամանորյա ուղերձում սահմանադրական փոփոխությունների մասին առաջարկություն հնչեցրել. «Անհրաժեշտ է բացել հայրենիքի դռները մեր բոլոր հայրենակիցների համար, իսկ դրա համար նախ պետք է փոխենք Սահմանադրությունը, որպեսզի սփյուռքի մեր հայրենակիցները, մեր ողջ ժողովուրդը կարողանա ազատորեն մաս կազմել և ծառայել հայրենիքին: Սահմանադրության փոփոխությունը կնպաստի նաև պետության ավելի արդյունավետ կառավարմանը, պետական կառույցների հավասարակշռմանը ավելի ճկուն ու փոխկապակցված, ավելի հասկանալի ու պատասխանատու գործունեությանը»:

Իոաննիսյանը, որ դեռ 2020 թվականին ստեղծված ու վերջերս լուծարված հանձնաժողովի անդամների հետ հանդիպել էր նախագահ Արմեն Սարգսյանին ու լսել նրա պատկերացումները սահմանադրական փոփոխությունների մասին, ասում է՝ ինչ-որ առումով նրա այս մի առաջարկությունը նորություն էր։

«Իշխանությունների որոշումները և իշխանությունների հետևանքները թե՛ լավ, թե՛ բացասական առումով կրելու են Հայաստանում ապրող քաղաքացիները, և ըստ այդմ պետք է հենց Հայաստանում ապրող քաղաքացիները ընտրեն իշխանություններին՝ ամենայն հարգանքով, իհարկե, սփյուռքի նկատմամբ: Ինձ թվում է, որ սփյուռքի ներգրավվածությունն առհասարակ պետք է լինի ավելի շատ մշակութային, կրթական և նման մակարդակում, բայց ամեն դեպքում նախագահ Սարգսյանի առաջարկությունները ավելի մանրամասն, ես վստահ եմ, ինքը կներկայացնի», - ասաց Իոաննիսյանը:

Թե՛ 44-օրյա պատերազմից հետո լուծարված, թե՛ նոր ձևավորվելիք սահմանադրական փոփոխությունների խորհրդում հանրապետության նախագահը ներկայացուցիչ չունի։ Սահմանադրական բարեփոխումների նոր խորհրդի կազմում լինելու են 3 խորհրդարանական, 3 արտախորհրդարանական ուժերի, 3 հասարակական կազմակերպությունների ու պետական մի շարք կառույցների ներկայացուցիչներ՝ արդարադատության նախարարը, օմբուդսմենը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչը։ Արտախորհրդարանական ուժերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մրցութային կարգով են ընտրվելու։

Խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի իշխանական անդամ Վահագն Հովակիմյանը հիշեցնում է՝ ժամանակին պետական կառավարման համակարգում սփյուռքահայերի ներգրավվածության մասին առաջարկ նաև վարչապետ Փաշինյանն էր հնչեցրել, բայց թե հստակ ինչ փոփոխություններ պետք է արվեն, նոր ձևավորվելիք խորհուրդը պետք է քննարկի։

«Պաշտոնների ինչ-որ շարք պետք է լինի, որը ամեն դեպքում պետք է միայն ՀՀ քաղաքացիներին հասու լինի, սա ակնհայտ է», - ընդգծեց Հովակիմյանը:

Սահմանադրական փոփոխությունների խորհրդում կքննարկվի նաև կառավարման ձևի հարցը։ Հայաստանը խորհրդարանական կառավարման է անցել 2015 թվականին Սահմանադրական հանրաքվեից հետո, որն այն ժամանակ ընդդիմադիր Փաշինյանը «կեղծ օրակարգ» էր որակում։ 2018 թվականից իշխանության գալուց հետո վարչապետը երկրի կառավարման համակարգի մասին իրար տրամագծորեն հակասող դիրքորոշումներ է հայտնել։ 2021-ի այսպես կոչված «ռազմական հեղաշրջման փորձին» հաջորդած մարտիմեկյան հանրահավաքին չէր բացառել, որ կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու հարցը դրվի հանրաքվեի, իսկ արդեն տարեվերջյան առցանց ասուլիսին կողմ արտահայտվեց խորհրդարանական ձևին։

Վարչապետի թիմակիցները այս երկու հայտարարությունների միջև հակասություն չեն տեսնում, ասում են՝ բաց ենք բոլոր քննարկումների համար։ Ընդդիմադիր խմբակցությունները ևս չեն շտապում իրենց տեսակետները հստակեցնել, դեռ պարզ չէ նաև խորհրդում ընդդիմադիրների ներկայացուցիչների անունները։

Խորհրդի կազմը 3 շաբաթից պետք է ներկայացվի վարչապետի հաստատմանը, դրանից հետո խորհուրդն իր հերթին կձևավորի քաղաքական ուղղվածություն չունեցող 5 գիտնական մասնագետներից կազմված հանձնաժողով, որոնք կզբաղվեն Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակմամբ։

XS
SM
MD
LG