Թուրքիան իրագործելի է համարում ուկրաինական հացահատիկի արտահանման խնդրի լուծման ՄԱԿ-ի առաջարկած պլանը

Հացահատիկով բեռնված վագոնները Օդեսայի մատույցներում, 22-ը հունիսի, 2022

Թուրքիան իրագործելի է համարում ուկրաինական հացահատիկի արտահանման խնդրի լուծման համար ՄԱԿ-ի առաջարկած պլանը և շարունակում է ջանքեր գործադրել պարենային ճգնաժամի խորացումը կանխելու ուղղությամբ:

Այսօր Անկարայում Թուրքիայի արտգործնախարարը բրիտանացի պաշտոնակցի հետ ասուլիսի ժամանակ նշել է, որ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, և այժմ Մոսկվայից դրական պատասխան են ակնկալում Ստամբուլում տեխնիկական հարցերով ժողով անցկացնելու հետ կապված: Նախօրեին Մոսկվայում ռուսական և թուրքական զինվորական պատվիրակությունները ևս շոշափել են այդ հանդիպման կազմակերպման հարցը:

«Մենք շարունակում ենք մեր ջանքերը ՄԱԿ-ի հետ միասին: Իհարկե, մշտապես կապի մեջ ենք և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի հետ ու իրատեսական ենք համարում ՄԱԿ-ի առաջարկը: Այս պատճառով էլ աջակցում ենք այս գաղափարին ու կարևորում այս գործընթացի օրինականությունը: Եթե Ստամբուլում համաձայնություն կայացվի, վերահսկման կենտրոն կհիմնվի և Ուկրաինայի ջրային տարածքից անիմիջապես դուրս անվտանգության գոտի կստեղծվի», - ասել է Չավուշօղլուն:

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո սևծովյան նավահանգիստներից ուկրաինական ցորենի արտահանումը դադարել է, և ավելի քան 20 մլն տոննա հացահատիկ մնացել է ամբարներում: Ռուս-ուկրաինական պատերազմը գլոբալ պարենային ճգնաժամի և ցորենի ու պարարտանյութի կտրուկ գնաճի պատճառ է դարձել: Ռուսաստանն ու Ուկրաինան մատակարարում են աշխարհի ցորենի գրեթե մեկ երրորդը:

Պաշտոնական Կիևը պնդում է, թե ռուսական ուժերն արգելափակել են բոլոր ուկրաինական նավահանգիստները՝ թույլ չտալով արտահանել ամբարված ցորենը: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները՝ պատրաստակամություն հայտնելով նավերի անվտանգ անցում ապահովել միայն այդ ջրային տարածքների ականազերծման պայմանով: ՄԱԿ-ի գնահատմամբ, այս պատերազմը կարող է սովի պատճառ դառնալ աշխարհի մի շարք երկրներում: Ուստի ՄԱԿ-ը առաջարկել է, որ Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան այս հարցի լուծման համար համագործակցության մեխանիզմ մշակեն:

Թուրքիայի արտգործնախարարի խոսքով, հացահատիկ արտահանող նավերը իրենց կայանատեղիները վերադառնալիս պետք է ստուգում անցնեն՝ զենք տեղափոխումը բացառելու համար: Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը ևս ասել էր, որ պատրաստ են ապահովել ուկրաինական հացահատիկի արտահանումը նավահանգիստներից՝ եթե Կիևը համաձայնի իրենց պահանջներին:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը իր հերթին հայտարարել է, որ ուկրաինական հացահատիկի մատակարարումների հետ կապված ճգնաժամը արտակարգ իրավիճակ է, և այն անհրաժեշտ է կարգավորել հաջորդ ամսվա ընթացքում. - «Հակառակ դեպքում մենք կարող ենք կործանարար հետևանքների բախվել: Ակնհայտ է, որ ուկրաինական նավահանգիստները պետք է պաշտպանվեն: Պետք է ապահովել առևտրական նավերի անվտանգ անցումը, և Բրիտանիան առաջարկում է իր փորձն այս ոլորտում»:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև անդրադարձել է Կիևի հայտարարություններին, թե Ռուսաստանը հացահատիկ է գողանում Ուկրաինայից: Մևլյութ Չավուշօղլուն վստահեցրել է, որ Անկարան լուրջ է մոտենում հարցին և ուսումնասիրում այդ պնդումները՝ ամեն անգամ արդյունքների մասին հայտնելով ուկրաինական կողմին. - «Մենք դեմ ենք, որ Ռուսաստանի կամ այլ պետության կողմից գողացված ուկրաինական հացահատիկը կամ այլ ապրանքներ անօրինական ձևով միջազգային շուկայում հայտնվեն: Թույլ չենք տա նաև, որ այդ ապրանքը Թուրքիա մտնի, այս հարցում մեր պետությունն ու պատկան մարմինները հաստատակամ են»:

Մոսկվան կտրականապես հերքում է այս մեղադրանքները։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե Ռուսաստանը Ուկրաինայից հացահատիկ չի գողացել: