Milliyet թուրքական պարբերականի փոխանցմամբ, հաջորդ շաբաթ Ստամբուլում կարող է տեղի ունենալ Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը, որի օրակարգում Ուկրաինայում ամբարված հացահատիկի արտահանումն է:
Բանագնացների կազմը դեռևս հայտնի չէ, սակայն պարբերականը չի բացառում, որ հանդիպմանը կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ուկրաինայից տարբեր երկրներ հացահատիկի փոխադրման հարցը քննարկվում է թուրքական կողմի հետ, նշելով, այդ բանակցություններում ներգրավված են պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:
ՄԱԿ-ը հանդիպման կոնկրետ ժամկետը չի հաղորդել:
Ուկրաինական կողմին մտահոգում է նավահանգիստների ապաշրջափակման հանգամանքն Օդեսայի վրա հարձակվելու նպատակով ռուսների կողմից օգտագործելու վտանգը:
Ուկրաինան աշխարհում ցորեն արտահանող չորրորդ երկիրն է: 2021 թվականի դրությամբ այդ երկիրը վաճառել է մոտ 45 միլիոն տոննա հացահատիկ և լոբահատիկավորներ:
Այսօրվա դրությամբ ռուսների կողմից Ուկրաինայի շրջափակված նավահանգիստներում ամբարված է մոտ 22 միլիոն տոննա ցորեն:
ՄԱԿ-ի փորձագետները նախազգուշացրել են, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով աշխարհում կարող է սովամահության մատնվել մոտ 18 միլիոն մարդ: