Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սննդամթերքը որպես զենք է օգտագործում՝ արգելափակելով ցորենի արտահանումը Ուկրաինայից, պնդում է Սպիտակ տունը:
«Կատակը մի կողմ, նախագահ Պուտինը պարենը ռազմականացնում է: Իրերը կոչենք իրենց անունով», - նախօրեին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով մամուլի խոսնակ Ջոն Քըրբին՝ հավելելով, թե Պուտինի համար շատ կարևոր է արգելափակել Սև ծովը, որպեսզի որևէ մեկը չկարողանա անցնել ծովով։
«Ուկրաինան միշտ ծովային ճանապարհով է արտահել իր ցորենը, նախագահը [Ջո Բայդենը] աշխատում է աշխարհի մյուս առաջնորդների հետ՝ տեսնելու՝ արդյո՞ք ցամաքային ուղիների հնարավորություններ կան, և նա ուսումնասիրում է մի շարք տարբերակներ։ Շատ գործընկերներ, մասնավորապես՝ Եվրոպայում, ցանկանում են օժանդակել ուկրաինական ցորենի արտահանմանը, և քանի որ ցորենը շուտ փչացող ապրանք է, ժամանակը մեր օգտին չի աշխատում, ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ այն ստանալ», - նշել է Քըրբին։
Ուկրաինան աշխարհում ցորեն արտահանող առաջատար երկրներից է։ Եթե Ուկրաինայից արտահանումն իսպառ դադարեցվի, շատ երկրներ, մասնավորապես՝ Աֆրիկայում, կարող են պարենային լուրջ խնդիրներ ունենալ։ Ուկրաինայի շրջափակված նավահանգիստներում ամբարված ցորենը դուրս հանելու համար ակտիվ բանակցություններ է վարում Թուրքիան։
Այսօր Թուրքիա է այցելում Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը՝ հենց այդ հարցերը քննարկելու նպատակով։ «Մենք հնարավորն անում ենք՝ ապահովելու ցորենի արտահանումն Ուկրաինայից: Ես Թուրքիա եմ մեկնելու՝ քննարկելու, թե էլ ինչ է հնարավոր անել», - ասել է Թրասը։
Նախօրեին Bloomberg-ը հաղորդել է, որ առաջիկա տասն օրվա մեջ նախատեսվում է Ստամբուլում նույն հարցով բանակցություններ անցկացնել, որոնց հնարավոր է մասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը հաստատել է, որ Ստամբուլում հանդիպում անցկացնելու բանակցություններ են տեղի ունենում, միաժամանակ նշելով, որ դրանք կարող են անցկացվել ոչ ամենաբարձր ղեկավարների մակարդակով։
Մինչ ստամբուլյան հանդիպումը նախատեսված է թուրքական զինվորական պատվիրակության այց Ռուսաստան՝ քննարկելու համար ուկրաինական նավահանգիստներից ցոների արտահանման հնարավորությունները։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ ասել է, որ Ուկրաինայից ցորենի արտահանման համար անվտանգ միջանցք ստեղծելու հարցը Մոսկվայի ու Անկարայի միջև քննարկվելու է պաշտպանության նախարարության գծով, նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում մասնակցել այդ հանդիպմանը։