«Եթե հայտարարում եք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, զրկվում եք մանևրելու իրավունքից», - պաշտոնավարման 100 օրվա առիթով Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Վահագն Խաչատրյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները իշխանության տարբեր ներկայացուցիչներից պահանջում են անել այս հայտարարությունը։ Նրանք կարծում են՝ Հայաստանի վարչապետը դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում` հղում անելով նաև Փաշինյանի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները երաշխավորող ցանկացած կարգավիճակ Հայաստանի համար պետք է լուծում համարվի։
Իշխանականները պնդում են՝ ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել, չհստակեցնելով՝ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին իրենց պատկերացումը որն է։
Հայաստանի նախագահը կարծում է՝ Արցախի հարցում իշխանությունը իր անելիքը գիտի։
«Եթե հայտարարում եք, ուղղակի զրկվում եք մանևրելու իրավունքից: Պետք է կարողանանք քաղաքականությունն ու դիվանագիտությունը տարբերել պոպուլիզմից և հանրային խոսքից: Մենք սա չենք անում, մենք ամեն ինչ խառնում ենք իրար: Պետք չի այն մարդկանց, հատկապես պատասխանատուներին, ովքեր այդ բանակցային գործընթացի մեջ են, ովքեր պատասխանատու են նաև մեր երկրի համար զրկել այդ հնարավորությունից: Վարչապետը խիզախություն ունեցավ դրա մասին բացահայտ խոսելու, բայց դրա մեջ ի՞նչ վատ բան կա: Ամեն ինչ չի, որ պետք է հրապարակավ ասենք: Մեր ընդդիմությունն էլ լավ գիտի, որովհետև ընդդիմության մեջ մարդիկ կան, որոնք այդ իրավիճակներում են հայտնվել: Այդ առումով իրենց պահվածքը ինձ համար, չեմ ուզում մեկնաբանել, կարող եմ ասել՝ հարցական է», - ասել է նախագահը:
Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստանն» ու «Պատիվ ունեմը» բոյկոտում էին նախագահի ընտրության թե՛ քննարկումը, թե՛ քվեարկությունը: Խաչատրյանի հարցազրույցից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարում է՝ Վահագն Խաչատրյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը ոչ թե Հայաստանի բոլոր քաղաքացիների, այլ՝ կոնկրետ իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» նախագահն է:
«Արցախի համատեքստը նորից ամբողջությամբ տեղավորվում է գործող իշխանության կամ ՔՊ-ի քաղաքական արցախյան դիսկուրսին, որտեղ նշաձողն իջեցնում են իրենք, որովհետև քաղաքական անունակություն ունեն միջազգայնորեն պաշտպանելու Արցախի ինքնորոշման իրավունքը: Փաստը մնում է փաստ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը բանակցային գործընթացից դուրս է մնացել», - նշեց Գալստյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԺ նախագահը ԼՂ հարցով արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնությունը կեղծ գործընթաց է որակումՆախագահ Խաչատրյանն էլ քննադատության սլաքն ուղղում էր ընդդիմության կողմը։ Չթաքցրեց կարծիքը՝ ընդդիմության որոշ կարգախոսներ իր համար անընդունելի են։ Արդյոք փորձե՞լ է հանդիպել ամիսուկես վարչապետ Փաշինյանի հեռացման պահանջով փողոցային պայքար ծավալած ընդդիմությանը։ Այս հարցին ի պատասխան Խաչատրյանը նշեց, որ ընդդիմադիրներն են հրաժարվել երկխոսությունից, ինքը պատրաստ է՝ պայմանով, որ բառապաշարը քաղաքակիրթ կլինի։
«Բառապաշարը, որը կիրառվում է փողոցում, որը կիրառվել է մեկուկես ամսվա ընթացքում, ինձ համար անընդունելի է և դրանով չեմ կարծում, որ հնարավորություն են տալիս դիմացինի հետ խոսելու, իրենք պետք է նաև պատրաստ լինեն իրենց ամեն ինչով, որպեսզի այդ երկխոսությունը կայանա, բայց իրենք են որոշողը, նախագահականի դռները բաց են», - նշել է նախագահը:
Ընդդիմադիր Լիլիթ Գալստյանը պնդում է՝ նախագահից հանդիպելու առաջարկություն չեն ստացել, իրենք ևս չեն նախաձեռնել. - «Ասում է նրանց բառապաշարը, մոռանալով, որ սեռական հայհոյանքները քաղաքական դիսկուրս մտցրեց Նիկոլ Փաշինյանը: Մեզ համար ինքը շարունակում է մնա ՔՊ-ի սրտի թեկնածուն»:
Խաչատրյանը նաև ընդդիմադիրների շատ արտահայտությունների հետ համաձայն չէ, մասնավորեցրեց՝ գոնե չասեն, որ երկրում բռնապետություն է, քաղբանտարկյալներ կան։
«Բռնապետության դեպքում փողոցում ոչ մի մարդ չէր լինի, բռնապետության դեպքում փախած էին, որն որ մենք մարտի 1-ից հետո, էդ իրավիճակում կգտնվեինք, ի՞նչ բռնապետության մասին է խոսքը: Եկեք իրատես լինենք, գնահատենք վիճակը, կառավարության, իշխանության թերությունները ասենք, արարքներն էլ ասենք», - ասել է Խաչատրյանը:
«Թերևս քաղաքական կուրությամբ է տառապում և չի հիշում, թե տեղական ինքնակառավարման ընտրություններում այն բոլոր ընդդիմադիր թեկնածուները, ովքեր քաղաքական մեծամասնություն կազմեցին ընտրությունների արդյունքում, այսօր բանտերում են կամ էլ հալածված են, և նա խոսում է Հայաստանում ստեղծված հավասար հնարավորությունների մասի՞ն», - ընդգծեց Լիլիթ Գալստյանը:
Նախագահը չմեկնաբանեց Ջհանգիրյան-Վարդազարյան աղմկահարույց ձայնագրությունը
Թեև նախագահն է հետևում Սահմանադրության պահպանմանը, բայց Վահագն Խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանել ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու նույն կառույցի այն ժամանակ կասեցված լիազորություններով ղեկավար Ռուբեն Վարդազարյանի սկանդալային ձայնագրությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազությունը Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությունն ուղարկել է ՔԿՋհանգիրյանը հորդորում էր Վարդազարյանին պաշտոնից հեռանալ՝ երաշխավորելով՝ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։
«Չեմ ուզում հիմա մեկնաբանեմ, որովհետև իրապես ես այդ լիազորությունները չունեմ», - նշել է նախագահը:
Ձայնագրության հրապարակումից հետո ընդդիմադիրները պահանջում են ԲԴԽ նախագահի հրաժարականը։ «Հայաստան» դաշինքի պատգամավորը կարծում է՝ Խաչատրյանը անաչառ չէ, ինչպես սահմանադրությունն է պահանջում, պաշտպանում է միայն իշխանության տեսակետը։
«Սկզբում ինքը խոսեց, որ իր սահմանադրական լիազորությունները բավական են, որպեսզի ինքը երկրում կարողանան հետևել Սահմանադրությանը, որպեսզի իշխանազանցություն տեղի չունենա, երկրորդ հարցը Պետրոս Ղազարյանի, որը վերաբերում էր աղմկահարույց, ես կասեի խայտառակ ձայնագրությանը՝ Ջհանգիրյան-Վարդազարյան, միանգամից խուսափեց», - նշեց Գալստյանը:
Վահագն Խաչատրյանը ոչ միայն չբողոքեց նախագահի սահմանափակ լիազորություններից, այլև ասաց՝ աշխատանքների ծավալը մեծ է։