«Ռուսական բանակը մոտենում է Լիսիչանսկին». ուկրաինական հեռուստաալիքների համատեղ շուրջօրյա եթերում այսօր առավոտյան այս մասին հայտարարեց Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։
Ուկրաինացի պաշտոնյայի խոսքից պարզ է դառնում, որ Լիսիչանսկին ռուսական ուժերը մոտեցել են հարավից՝ գրավելով քաղաքից ընդամենը 9 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տոշկովկա ավանը։
«Ռուսների թե՛ տեխնիկայի, թե՛ մարդկանց ահռելի քանակություն են տեղափոխել այս շրջան։ Միայն Տոշկովկայի վրա հարձակմանը մեկուկես մարտավարական գումարտակային խումբ էր մասնակցում՝ իր տեխնիկայով հանդերձ։ Հարձակմանը ներգրավված էր 30 հետևակի զրահամեքենա, տասից ավելի տանկ, «Սոլնցեպյոկ», «Պիոն», «Գիացինտ» հրետանային համակարգեր, ինչ ասես որ չկար», - նշում էր Լուգանսկի վարչակազմի ղեկավարը։
Ռազմական փորձագետների համոզմամբ, ռուսական զորքերի հարավային ճեղքումը մեկ հիմնական նպատակ ունի՝ ամբողջությամբ շրջապատել ոչ միայն Լիսիչանսկը, այլև դրա հետ մեկ միասնական քաղաքային ագլոմերացիա կազմող Սևերոդոնեցկն, ավելի ճիշտ քաղաքի այն թաղամասերը, որոնք դեռ գտնվում են ուկրաինացիների վերահսկողության ներքո։ Խոսքը նախևառաջ «Ազոտ» գործարանի մասին է, որտեղ զինվորականներից բացի, նաև հարյուրավոր խաղաղ բնակիչներ կան։
«Ազոտ» գործարանի տարածքում գտնվող ապաստարաններում ավելի քան հազար խաղաղ բնակիչ կար։ Այժմ մնացել են 568-ը, նրանցից 38-ը երեխաներ են։ Այս մարդիկ, սակայն, տարհանվել չեն ցանկանում։ Ասում են, որ իրենց ընտանիքներով կմնան Սևերոդոնեցկում։ Ասում են նաև, որ եթե ցանկանային հեռանալ, վաղուց տարհանված կլինեին։ Բայց, եթե այդ մարդկանց մոտ նման ցանկություն լիներ, տեսականորեն կարելի էր տարհանման փորձ կազմակերպել։ Դա, սակայն, այժմ խիստ վտանգավոր է և, այսօրվա դրությամբ, ապաստարանում մնալն ավելի անվտանգ է», - հայտարարում էր Գայդայը։
Ուկրաինական կողմի այսօր տարածած տեսանյութերից պարզ է դառնում, որ համառ մարտերը Սևերոդոնեցկի արդյունաբերական գոտում շարունակվում են, այդ թվում՝ տանկերի կիրառմամբ։ Բացի այդ, չնայած շրջապատման իրական վտանգին, ուկրաինական հրամանատարությունը շարունակում է նոր ուժեր տեղափոխել Սևերոդոնեցկ՝ ուժեղացնելով այստեղ գտնվող խմբավորումը։
Ուկրաինայի ԶՈւ հրամանատարությունը, սակայն, ի վիճակի չէ զինվորականների մեծ խմբեր տեղափոխել Սևերոդոնեցկ։ Պատճառը ոչ միայն չդադարող հրետակոծություններն են, այլև այն հանգամանքը, որ քաղաքն արտաքին աշխարհին կապող բոլոր կամուրջները ոչնչացված են։ Նման իրավիճակում Սևերոդոնեցկ վերատեղակայվող ուկրաինացի զինվորակաները ստիպված են Սևերսկի Դոնեց գետը հատել առավելագույնը երեք հոգի տեղափոխող փոքրիկ նավակներով։
Չնայած ռազմաճակատում տիրող ծանր իրավիճակին, ուկրաինական ուժերը փորձում են հարվածներ հասցնել նաև ռուսական բանակի խոր թիկունքում։ Առավոտյան տեղեկություններ հայտնվեցին Հարավային Ռուսաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկում՝ Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքում գտնվող նավթամշակման գործարանում ծագած հրդեհի մասին։ Համացանցում հայտնված տեսանյութից պարզ էր դառնում, որ գործարանը ինքնաոչնչացվող հարվածային անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել։
Գործարանի բանվորների կողմից կատարված այս տեսագրության՝ սոցցանցերում հայտնվելուց մի քանի ժամ անց ռուսական իշխանությունները ստիպված էին ընդունել՝ Նովոշախտինսկի նավթամշակման գործարանի տարածքում երկու հարվածային անօդաչու սարքերի բեկորներ են հայտնաբերվել։
Նովոշախտինսկ քաղաքը գտնվում է Ուկրաինայի հետ միջազգայնորեն ճանաչված սահմանից շուրջ 10 և ճակատային գծից շուրջ 150 կիլոմետր հեռավորության վրա։
Ռուսաստանի ՊՆ այսօր հաղորդում էր Ուկրաինայի հարավային շրջաններին հասցված նոր հարվածների մասին։
Ռուսաստանի ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովի պնդմամբ, Նիկոլաևում գտնվող «Օկեան» նավաշինական գործարանի հրթիռակոծության հետևանքով նախօրեին 500 ուկրաինացի զինվորական է զոհվել, ոչնչացվել է նաև 15 միավոր զրահատեխնիկա և մեծ տրամաչափի 5 հրանոթ։
Անկախ աղբյուրները պաշտոնական Մոսկվայի տարածած այս տեղեկատվությունը դեռ չեն հաստատում։