Ապարանի ոստիկանապետի պաշտոնից ազատումը կապվա՞ծ է Նիգավանի դեպքերի հետ. ոստիկանությունը չի մեկնաբանում

Աշխատանքից ազատվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանը։ Այս պաշտոնանկությունը հաջորդում է Ապարանից ոչ հեռու գտնվող Նիգավան գյուղի տարածքում հնչած և 2 մարդու կյանք խլած կրակոցներին։

«Ազատությունը» ոստիկանության լրատվության վարչությունից փորձեց պարզել, արդյո՞ք Հայրապետյանի՝ պաշտոնից ազատումը կապված է հենց Նիգավանի դեպքերի հետ, ոստիկանությունից մեր հարցին հստակ չպատասխանեցին՝ միայն նշելով, թե համակարգում «մշտապես տեղի են ունենում կադրային փոփոխություններ»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցին մտահոգում է ոստիկանության ոչ հաշվետու աշխատելաոճը։

«Ոստիկանության բաժնի պետի հեռացումը, առանց որևիցե մեկնաբանության, խոսում է ոստիկանության ոչ հաշվետու և ոչ թափանցիկ գործելակերպի մասին: Այսինքն ի՞նչ է նշանակում՝ ազատում ես ոստիկանապետին դեպքից երկու օր հետո և ասում ես՝ մեկնաբանություն չունես: Կամ ինչո՞ւ պետք է ես որպես քաղաքացի ենթադրություններ անեմ, որ ամենայն հավանականությամբ ոստիկանապետի ազատումը կապված է դեպքի հետ», - ընդգծեց իրավապաշտպանը:

Նախօրեին Ապարանին մոտ գտնվող Նիգավան գյուղի մոտակայքում հրազենից 2 մարդ է սպանվել։ Վիճաբանել են մի խումբ երիտասարդներ, նրանից մեկը հրացանով կրակել էր իր հետ վիճող տղաների ուղղությամբ, ինչի հետևանքով Հմայակ Միքայելյանն ու Տիգրան Հարությունյանը մահացել են, ևս 5 հոգի տեղափոխվել էին բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկի վիճակը այսօր ևս դեռ գնահատվում է ծայրահեղ ծանր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիգավանում հնչած կրակոցներից երկու երիտասարդ սպանվել է, մեկը ծայրահեղ ծանր վիճակում է

Ըստ Քննչական կոմիտեի՝ Ապարանում միջադեպի մասնակիցները 2 օր խնդիրներ են ունեցել միմյանց հետ, հանդիպումներ ու վեճեր են ունեցել, ինչն ի վերջո հանգեցրել է արդեն վերջին ու ողբերգական ելքով հանդիպմանը։ Արդյո՞ք ոստիկանությունը տեղյակ էր ու քայլեր չի ձեռնարկել բախումները վերահսկելու ուղղությամբ, այս հարցին ոստիկանությունից այդպես էլ չպատասխանեցին։ Սակայն, ըստ իրավապաշտպանի, հաշվետու լինելը միայն կարող է բարձրացնել ոստիկանության հանդեպ վստահությունը՝ մի բան, ինչի կարիքը այդ համակարգն ունի։

«Ոստիկանությունը պետք է լինի հաշվետու և թափանցիկ, որպեսզի վստահություն ունենա հանրության մոտ և որպեսզի նման միջադեպերը, եթե վստահենք էդ տեղեկություններին, որ մի քանի օր տեղի են ունեցել ընդհարումներ, այդ ընդհարումների մասին օրինապահ, գիտակից քաղաքացիները իրազեկեին ոստիկանությունը, որպեսզի միջոցներ ձեռնարկեին», - ասաց Սաքունցը:

2 մարդու սպանության և ևս 5-ի վիրավորվելուն հաջորդած միջադեպից հետո Ապարանի ոստիկանության պետի ազատման մասին police.am կայքի անգամ լուրերի բաժնում ոչինչ գրված չէր, իսկ Լրատվության վարչությունից մեզ հուշեցին, թե կարող էինք մտնել կայք, ապա՝ «կառուցվածք» ենթաբաժին, ապա՝ «մարզային ստորաբաժանումներ» և տեղեկանալ, որ Ապարանի ոստիկանության պետն արդեն այլ մարդ է։

Մինչ այդ «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանն իր հերթին նկատում է, որ տեղի ունեցած հանցագործության նախերգանքը մի քանի օր շարունակ հնչել է Ապարանի նման փոքր համայնքում, բայց, փաստորեն, ոստիկանությունը կանխել չի կարողացել։

«Ես չգիտեմ, թե որքանով է կոնկրետ Ապարանի բաժնի պետի մեղավորությունը կամ անգործության արդյունք այս իրավիճակը, սա գլոբալ նաև խնդիր է ոստիկանության էֆեկտիվության առումով: Ոստիկանությունը պետք է կարողանա ավելի էֆեկտիվ գործի և կարողանա կատարել օրենքով իր վրա դրված լիազորությունները», - նշեց Իոաննիսյանը:

Ինչի՞ց է սկսվել մարդկային կյանքեր խլած այս վիճաբանությունը։ Քննչականը շտապեց հայտնել, թե վեճն ունեցել է կենցաղային պատճառ, ծագել է մի ձայնային ազդանշանից, իսկ ըստ որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող վարկածի՝ վեճի պատճառը վարչապետ Փաշինյանին հայհոյելն է եղել, գրում են նաև թե կրակող կողմը կապ է ունեցել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներից մեկի հետ, ինչը պատգամավորը կտրուկ հերքում է։

Իրավապաշտպանների խոսքով՝ անհնար է առանց նախաքննության ու արագ եզրահանգման գալ պատճառների շուրջ։

«Քննությամբ կպարզվի արդյո՞ք իրական շարժառիթները, իրական հանգամանքները դեպքի, դա չեմ կարող նույնպես վստահ լինել, որովհետև քննչական մարմնի նկատմամբ ունեմ վերապահում: Բայց որ պետք է քննչական մարմինները ամեն ջանք գործադրեն, որպեսզի վստահելի լինեն քննության արդյունքները, նաև քննության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնեն հանրությանը», - ասաց Սաքունցը:

Իրավապահները հայտնում են, որ այս գործով ձերբակալված է կրակոցները արձակած 32-ամյա տղամարդը՝ սպանության և ապօրինի զենք պահելու հոդվածներով։