Մատչելիության հղումներ

Նիգավանում հնչած կրակոցներից երկու երիտասարդ սպանվել է, մեկը ծայրահեղ ծանր վիճակում է


Ապարանին մոտ Նիգավան գյուղի աղբանոցի հարակից դաշտում երեկ սպանություն է տեղի ունեցել։ Արյան հետքերը դեռ չեն մաքրվել։ Այսօր «Ազատությունը» դեպքի վայրում բնակիչների հանդիպեց, ասացին՝ ճանաչում էին սպանված երիտասարդներին։ Ցնցված են դեպքից։

«Մենք երեկ տղաներով նստած, 55 տարեկան տղեք ենք, արցունքները գալիս էին, լացում էինք», - նշեց նրանցից մեկը:

Երեկ երեկոյան մի խումբ երիտասարդներ վիճաբանել են, որի ընթացքում նրանից մեկը հրացանով կրակել է իր հետ վիճող տղաների ուղղությամբ։ Երկու հոգի՝ Հմայակ Միքայելյանն ու Տիգրան Հարությունյանը մահացել են։ Նրանք 27-28 տարեկան էին։ Հինգ հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց։ Վիճաբանության մասնակիցներից երկուսը հրազենային ծանր վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում են։ Փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանն ասաց՝ մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։

«Մյուս երկուսը վիրահատվել են, վիրահատված հիվանդների վիճակը գնահատվում է նույնպես ծանր, հատկապես մեկինը` ծայրահեղ ծանր: Կրծքավանդակի շրջանի վերքով կամ հրազենային վերքով հիվանդը համեմատաբար բարվոք վիճակում է», - ասաց նա:

«Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում այս պահի դրությամբ մեկ տուժած կա, հիվանդանոցից փոխանցեցին՝ միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում։

«Արմենիա» բժշկական կենտրոնում «Ազատությանը» հանդիպած տուժածների հարազատները հրաժարվեցին պատմել դեպքի մասին։

Ողբերգական վիճաբանության պատճառների մասին պաշտոնական ու ոչ պաշտոնական վարկածները խիստ տարբեր են։ Ըստ Քննչական կոմիտեի՝ վիճաբանությունը սկսվել է դեպքից մեկ օր առաջ Ապարանում։ 32–ամյա տղամարդը եղբոր հետ ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ:

«Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ», - ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:

32-ամյա երիտասարդն այսօր ձերբակալվել է։ Քրեական գործ է հարուցվել սպանության ու ապօրինի զենք զինամթերք պահելու քրեական հոդվածներով։

Ոչ պաշտոնական շրջանառվող տեղեկություններով` վիճաբանությունը վարչապետ Փաշինյանին հայհոյելու պատճառով է եղել։ Երեկվանից լրատվամիջոցները, հղում անելով անանուն աղբյուրներին, գրում են, թե կրակող կողմը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատներն են. հաշվեհարդար են տեսել Փաշինյանին հայհոյելու համար։

Ե՛վ Մաթևոս Ասատրյանը, և՛ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը կտրուկ հերքել են այս լուրը:

Ոստիկանությունն էլ մինչև Քննչական կոմիտեի հայտարարությունը` դեռ երեկ երեկոյան, շտապեց հայտարարել, թե վիճաբանության պատճառը քաղաքական չէ, կենցաղային է։

Արյունալի վիճաբանությունից տեղյակ էին Ապարանում «Ազատությանը» հանդիպած բոլոր բնակիչները, բայց խուսափում էին խոսել իրնց լսած վարկածների մասին։

«Մեր Ապարանում տենց ողբերգություն առաջին անգամն է, ես չեմ լսել: Մեր ժողովուրդը շատ հանգիստ, համբերատար, խելացի ժողովուրդ է», - ասում է տեղացիներից մեկը, մյուսն էլ` հավելում. «Կրթված, նորմալ ընտանիքների երեխաներ են, շատ խելացի»:

Սպանվածներից Տիգրան Հարությունյանը Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի ազգականն է։ Համայնքապետի հետ խոսել չհաջողվեց. տեղում չէր։ Նիգավանի դաշտի այն հատվածը, որտեղ դեպքն է տեղի ունեցել, այսօր ոստիկանները հսկում էին` հնարավոր հաշվեհարդարը կանխելու նպատակով։

XS
SM
MD
LG